Հենրիխ Մխիթարյանը երեք տարվա պայմանագիր է կնքել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ. Sport-express
Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եռամյա պայմանագիր է կնքել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ռուսական Sport-erxpress-ը:
Վերջինիս տեղեկացմամբ՝ պայմանագիրը ստորագրվել է՝ հետագայում ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Ըստ ռուսական հեղինակավոր թերթի՝ Գերմանիայի փոխչեմպիոնները 24-ամյա ֆուտբոլիստի համար վճարել են 27,5 մլն եվրո: Մնում է սպասել գերմանական և դոնեցկյան ակումբների պաշտոնական հաստատմանը, որը դեռևս չկա:
Kicker հանդեսը ևս հայտարարել էր, որ Դորտմունդի «Բորուսիա»-ն և Դոնեցկի «Շախտյոր»-ը համաձայնության են եկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում:
Ֆուտբոլիստի տեղափոխությունը կազմակերպելու համար Դոնեցկ էին մեկնել գերմանական ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն և մարզական տնօրեն Միխայել Ցորկը:
Մխիթարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էին նաև անգլիական «Լիվերպուլ»-ը, «Տոնտենհեմ»-ը, ֆրանսիական ՊՍԺ-ն և Մախաչկալայի «Անժի»-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում