Մոլդովայի խորհրդարանի խոսնակը կոպիտ սխալ է որակել Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունները
Նմանատիպ
Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Կորմանը սխալական է անվանել խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունները Արցախի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով moldnews.md-ն, այդ մասին Մոլդովայի խորհրդարանի նախագահը հայտարարել է օմբուդսմենների հետ հանդիպմանը: «Մենք չպետք է մեզ թույլ տանք Մոլդովայի իմիջն ու այլ պետությունների հետ նրա հարաբերությունները վնասող այդպիսի հայտարարություններ անել: Դա հին հակամարտություն է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ եւ նրանց երկուսի հետ էլ անհրաժեշտ է կառուցել լավ հարաբերություններ: Անհրաժեշտ է խուսափել հայտարարություններից, որոնք կարող են վնասել նրանց հետ հարաբերությունները: Այդ պատճառով, ես խորհրդարանական փաստաբաններին բաց ասացի, որ դա սխալ էր, կոպիտ սխալ եւ այդպիսի բան չպետք է տեղի ունենա»,- ասել է Իգոր Կորմանը:
Մոլդովայի օրենսդիր իշխանության ղեկավարը նշել է, որ Աուրելիա Գրիգորիուն ստիպված կլինի բացատրություններ տալ խորհրդարանական հանձնաժողովներին, սակայն խոսքը չի գնում նրան պաշտոնազրկելու մասին: «Տիկին Գրիգորիուն իր կարծիքը կարտահայտի խորհրդաժողովին»,- ասել է Կորմանը:
Մոլդովայի խորհրդարանական փաստաբանը, մեր երկրի խորհրարանում ելույթ ունենալով, Հայաստանին անվանել էր «ագրեսոր երկիր»: Հետագայում պարզվել էր, որ Աուրելիա Գրիգորիուն Երեւան գալուց 2 շաբաթ առաջ եղել էր Բաքվում: Համացանցում տարածվել են Գրիգորիուի ֆեյսբուքյան լուսանկարներն ու գրառումները, որտեղ «անկաշառ» եւ «օբյեկտիվ» փաստաբանն իր սերն է արտահայտում Ադրբեջանի նկատմամբ: Իր անվան հետ կապված սկանդալից հետո Գրիգորիուն ֆեյսբուքյան էջից, նախանձելի օպերատիվությամբ, մաքրել էր իր կողմակալությունը բացահայտող լուսանկարներն ու գրառումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում