Գծի տերերը կարող են գործադուլ սկսել
Կարդացեք նաև
Հուլիսի 7-ից զգալի թանկացավ գազը: Սակայն այդ նույն թանկացած գազը որպես վառելիք օգտագործող երթուղային տաքսիների ուղեվարձը չփոխվեց: Սա, իհարկե, ուրախալի է, բայց միևնույն ժամանակ տխուր հետևությունների առիթ է տալիս: Խնդիրն այն է, որ երթուղայինների ուղեվարձի մեջ գազի ծախսը զգալի մասն է կազմում, և գազի թանկացումը բնականաբար պետք է հանգեցներ ուղեվարձի թանկացմանը: Ու եթե դա տեղի չի ունեցել, ուրեմն կամ մինչ այժմ մենք երթևեկել ենք ակնհայտորեն ուռճացված ուղեվարձով, կամ ուղեվարձը չի թանկանում տնտեսվարողների վրա բանեցվող ճնշումների շնորհիվ: Երկու տարբերակն էլ շատ վատ է: Տնտեսվարողները, իհարկե, արդեն բարձրաձայնում են ճնշումների մասին և պահանջում, որ իշխանությունները դոտացիա տրամադրեն երթուղայիններին: Նշենք, որ երեկվանից զգալիորեն՝ 8-10 տոկոսով թանկացել են գարեջուրը, «Ջերմուկը», հյութերը: Իսկ մարզերից ստացվող տեղեկություններով արդեն թանկացման միտումներ է դրսևորում հացը:
Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ուղեվարձի հնարավոր թանկացման խնդրին նկատել է, որ բոլոր, այսպես ասած, գծատերերը աշխատում են վնասով, քանի որ ավտոպահեստամասներն ու վառելիքը պարբերաբար թանկանում են, իսկ ուղեվարձը մնում է նույնը: Փանոսյանի խոսքով, առաջիկա օրերին նամական են հասցեագրելու ՀՀ իշխանություններին՝ խնդրելով նվազեցնել հարկերը, դոտացիա տրամադրել, որպեսզի հնարավոր լինի ուղեվարձն անփոփոխ պահել: Հույս ունեն, որ իշխանություններն ընդառաջ կգնանք իրենց պահանջին, այլապես, ըստ Փանոսյանի, այս ամենը գործադուլի պատճառ կարող է դառնալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում