«Բորուսիա»-ի ղեկավարների համար Մխիթարյանի տրանֆերն իրագործելը եղել է շատ բարդ

Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը ևս հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Դոնեցկի «Շախտյոր»-ից դորտմունդյան ակումբ տեղափոխությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր, իսկ Մխիթարյանը դորտմուդյան թիմում կրելու է 10 համարի մարզաշապիկը, որը նախկին? ?ւմ կրում էր Մարիո Գյոթցեն, ով տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»: «Մենք ուրախ ենք, որ պայմանագիր ենք կնքել հարձակման գծում մի ֆանտաստիկ կիսապաշտպանի հետ, ով թարմ ուժ կհաղորդի մեր հարձակման գծին»,- ասել է «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միքայել Ցորկը:

«Սա շատ բարդ տեղափոխություն էր, սակայն մենք անպայման ցանկանում էինք ձեռք բերել Հենրիխին և հիմա նա այստեղ է»,-իր հերթին նշել է «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոհահիմ Վատցկեն:

Դորտմունդյան թիմի պաշտոնական կայքը, ներկայացնելով Մխիթարյանին, նշում է, որ տեխնիկապես և ֆիզիկապես հզոր ֆուտբոլիստը տիրապետում է մի քանի լեզուների՝ անգլերեն, պորտուգալերերեն, ֆրանսերեն, ռուսերեն:

Գերմանական ակումբը չի հրապարակել, թե որքան գումար է հատկացվել հայազգի ֆուտբոլիստի համար: Գերմանական լրատվամիջոցները և ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը նշում են, որ դոնեցկյան ակումբին է փոխանցվել 25 մլն եվրո, իսկ «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը հրապարակել է, որ տրանֆերը կազմել է 27,5 մլն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում