Հայաստանը գնում է ԵՄ և Եվրասիական միության հետ հարաբերությունները համաչափ զարգացնելու ճանապարհով. Կիրո Մանոյան

Հայաստանը գնում է Եվրոպական միության և Եվրասիական միության հետ հարաբերությունները համաչափ զարգացնելու ճանապարհով: Այս մասին հուլիսի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Հայաստանի առջև պահանջ չի դրվել միանալու Եվրասիական միությանը: Պարզ է, որ և’ Եվրամիության, և’ Եվրասիական միության հետ կարելի է համագործակցել, բայց մեկի հետ մաքսային միությանը միանալը բացառում է մյուսի հետ նոյնատիպ կառույցի հետ համագործակցելը: Մենք հիմա գնում ենք երկուսի հետ էլ համաչափ հարաբերություններ զարգացնելու ճանապարհով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց Մանոյանը:

Ըստ նրա’ Հայաստանի առջև Եվրասիական միության կողմից «կամ-կամ» նախապայմանը երբեք չի դրվել:

Ռուսաստանի պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Մինսկում անցկացվող «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» խորագրով կլոր սեղանի ժամանակ կարծիք էր հայտնել, որ աշխարհում ձևավորվում է աշխարհաքաղաքական նոր իրավիճակ’ պայմանավորված Արևելքի դերի մեծացմամբ, ինչն էլ մեծացնում է Եվրասիական միության նշանակությունը:

Մյուս կողմից 2010թ. հուլիսից մեկնարկած Ասոցացման համաձայնագրի բանակցություններն արդեն մոտենում են եզրափակիչ փուլին։ Արդյունավետ ընթանում են նաև 2012թ. հունիսից մեկնարկած Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները: Ծրագրվում է մինչեւ 2013 թվականի նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովն ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցությունները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում