Արմեն Աշոտյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական համատեղ ուսումնական հաստատություն հիմնելու հարցը
Նմանատիպ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից, ողջունելով դեսպանին’ նախարարը շնորհավորել է Իրանի ժողովրդին’ հրաշալի կազմակերպված նախագահական ընտրությունների կապակցությամբ: Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ երկու երկրներում անցկացված նախագահական ընտրությունները կնպաստեն պետությունների միջև հարաբերությունների նոր էջի բացմանը: «Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները կարող են միայն դեպի առաջ ընթանալ: Իհարկե, դժվար է ամեն անգամ առաջ գնալ, երբ արդեն բարձր մակարդակի հարաբերություններ են, բայց երկուստեք ցանկության դեպքում’ կարելի է գտնել զարգացման նոր հնարավորություններ»,-նշել է նախարարը’ իր գոհունակությունը հայտնելով առ այն, որ Իրանի դեսպանը միշտ ակտիվ աշխատում է Հայաստանի կրթական հաստատությունների հետ և լավ տեղեկացված է իրանցի ուսանողների խնդիրներով:
Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ մի շարք հայաստանյան բուհեր ներկայումս անցնում են եվրոպական հավատարմագրման գործընթաց’ կրթության որակի բարելավման ուղղությամբ իրականացնելով հետևողական ջանքեր, որը, ըստ նախարարի, նպատակ ունի կրթությունը գրավիչ դարձնել նաև օտարերկրյա, այդ թվում’ իրանցի ուսանողների համար:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել իրանցի ուսանողների խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև բուհերի ղեկավարների պատրաստակամության համար: Մոհամմադ Ռեյիսիին ընդգծել է, որ իր հետ զրույցում իրանցի ուսանողները շեշտում են վերջին տարիներին Հայաստանի բուհերում կրթության որակի էական տարբերության և արձանագրված առաջընթացի առկայությունը: Դեսպանը նաև նշել է, որ Իրանը գիտահետազոտական ոլորտում կուտակել է մեծ առաջընթաց և պատրաստ է իր փորձը փոխանցել բարեկամ երկրներին:
Կողմերը քննարկել են նաև հայ-իրանական համատեղ ուսումնական հաստատություն հիմնելու գաղափարը, որը, ըստ հանդիպման մասնակիցների, կարևոր խնդիր է, քանի որ եթե առկա են կրթական և մշակութային կապեր, ապա շատ ավելի հեշտ են հաջողվում քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Նախարարն այդ առիթով ընդգծել է, որ այլ երկրների հետ համագործակցության օրինակը ցույց է տալիս, որ համատեղ ուսումնական հաստատությունը նպաստում է երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դիպլոմների փոխճանաչման, ԵՊՀ-ում իրանագիտության զարգացման, աշակերտների և ուսանողների փոխայցելության, ինչպես նաև պարսկերեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման նպատակով անհրաժեշտ դասընթացներ անցկացնելու հնարավորության և պարսկերենի նոր դասագրքերի տրամադրման հետ կապված հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում