Երևանում կանցկացվի «Ատոմ 2013» հայ-ամերիկյան վարժանքը

Երևանում հուլիսի 9-11-ն անց է կացվում ՀԱէԿ-ի վթարի դեպքում ազգային արձագանքման պլանի գործարկման աշխատաժողով և շտաբային վարժանք: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ծրագրի շրջանակներում հուլիսի 10-ին մեկնարկելու է «Ատոմ 2013» շտաբային վարժանքի գործնական փուլը, որին ներկա կլինեն նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Միջոցառման հիմնական նպատակներն են հղկել աղետներին արձագանքող ուժերի հմտությունները և կատարելագործել տեղական ու միջազգային կազմակերպությունների համագործակցությունը:

«Ատոմ 2013» վարժանքի թեման է ՀԱԷԿ-ի արտանախագծային վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը: Աշխատաժողովին և վարժանքին մասնակցում են գրեթե բոլոր նախարարություն-գերատեսչությունների, Շիրակի, Կոտայքի և Արմավիրի մարզերի, տարբեր հասարակական ու միջազգային կազմակերպությունների, ԱՄՆ դեսպանատան, Կանզասի ազգային գվարդիայի և ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի ներկայացուցիչներ:

ՀԱէԿ-ի վթարի դեպքում ազգային արձագանքման պլանի գործարկման աշխատաժողովն ու շտաբային վարժանքը կազմակերպել են ՀՀ ԱԻ նախարարությունը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ ռազմաքաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորման ծրագրի շրջանակներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում