«Փյունիկ»-ը ևս տոկոսներ կստանա Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերից

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը, մարզչական շտաբը եւ ֆուտբոլիստները շնորհավորում են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին՝ Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու կապակցությամբ: Երևանյան ակումբի շնորհավորական ուղերձում մասնավորապես նշված է.

«Մեր ակումբի սանը կարողացավ անել այն, ինչը մինչ այս չէր հաջողվել ոչ մի հայ ֆուտբոլիստի: Իր տաղանդի, մեծ աշխատասիրության եւ ֆուտբոլային մտածելակերպի շնորհիվ Հենրիխը «Փյունիկ» ակումբի փորձառու մարզիչների ղեկավարությամբ շատ արագ հասավ բարձունքների մեր երկրում եւ տեղափոխվեց Ուկրաինա, որտեղ, ինչպես եւ Հայաստանում նվաճեց բոլոր հնարավոր տիտղոսները:

Այսօր «Փյունիկը» հպարտանում է իր սանի նման հաջողությամբ, քանի որ Մխիթարյանը կլինի առաջին հայ ֆուտբոլիստը, ով հանդես կգա Բունդեսլիգայում, կխաղա գերմանական լավագույն թիմերից մեկում’ Եվրոպայի լավագույն մարզիչներից մեկի գլխավորությամբ: Միեւնույն ժամանակ մենք հավատում ենք, որ «Փյունիկ» ակումբի սաներից դեռ շատերը կխաղան բարձրակարգ ֆուտբոլ՝ եվրոպական լավագույն առաջնություններում: Մխիթարյանի հարթած ուղին պետք է շարունակություն ունենա»:

Հենրիխ Մխիթարյանն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Փյունիկ»-ում; Մանկապատանեկան թիմերից բացի, 24-ամյա տաղանդավոր կիսապաշտպանը պրոֆեսիոնալ մակարդակով երեւանյան ակումբի գլխավոր թիմում է անցկացրել 2006-2009 թվականները:

Ի դեպ, Մխիթարյանի տրանսֆերից փոխհատուցում է ստանալու նաև «Փյունիկ»-ը: Հայտնի է, որ նրա տրանֆերային իրավունքների 25 տոկոսը պատկանում էր հենց ՀՀ բազմակի չեմպիոնին: Բացի այդ, ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնների՝ ֆուտբոլիստի տեղափոխությունից ստացված գումարի 5 տոկոսը փոխանցվում է նրա պրոֆեսիոնալ առաջին թիմին:

Մխիթարյանի տեղափոխությունը դոնեցկյան ակումբից դորտմունդյան թիմ կայացել է 27,5 մլն եվրոյի դիմաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում