Ռազմիկ Դավոյան. Արարչություն
06/08/2020 21:54

Նմանատիպ
Հոգու մղումներից
քաղցր ծնունդ առած,
ահա մի բառ կրկին
դրվեց թղթին,
որ թղթից թուղթ անցնի
եւ ձեռքից ձեռք անցնի
եւ հանձվի կյանքի
տառապագին երթին:
Նա, որ դարերի մեջ
ապրել է եւ ննջել,
ննջել է եւ ապրել
դարերի մեջ անթիվ,
մի ակնթարթ անգամ
բխումը չի ջնջել,
այլ լոկ հաստատել է
կյանքը գիշեր ու տիվ:
Հաստատել է կյանքը՝
քնած թե արթմնի,
փառաբանել գոյը՝
կենդանի թե մեռած.-
դու լոկ փակ դուռ էիր
նրա ճանապարհին,
Աստված բացեց դուռը,
նա դուրս լողաց:
Եվ նա գնա՜ց, թռա՜վ-
-տիեզերքի ոգին-
դու մնացիր տեղում-
– նա պատյանն իր լքեց-
բայց նա ջուր կդառնա
ամռան շոգ ու տոթին,
որ հարություն առնի
հոգին քո գահընկեց:
Մի ակնթարթ միայն-
-կրկին նա կթռչի-
դու կմնաս տեղում՝
անթեւ, անօգնական,
եւ կհիշես պահը
քո անուրջի, ճիչի,
եւ կտենչաս բառեր,
որոնք վաղու՜ց… չկա՜ն: