Կրակոցներ Նորք-Մարաշի Արմենակյան փողոցում

Կրակոցներ Նորք-Մարաշի Արմենակյան փողոցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amՕգոստոսի 18-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ Արմենակյան ու Գարեգին Հովսեփյան փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Մարաշի քրեական հետախույզները տեղում պարզել են, որ տարածքից շտապօգնության մեքենայով 25-ամյա երիտասարդ է տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայրի զննությամբ արնանման հետքեր ու պարկուճ է հայտնաբերվել, իսկ Հերացու փողոցում՝ հիվանդանոց տեղափոխված երիտասարդի «Օպելը»։

Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները օպերատիվ կերպով պարզել են, որ կրակոցներն արձակվել են գազային ատրճանակից։ Շուտով հայտնի դարձավ նաև կրակողի ինքնությունը։ Ավանում բնակվող 29-ամյա երիտասարդին ու ատրճանակը հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին, որոնց զուգընթաց Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ծառայողները բացատրական աշխատանք տարան։ Արդյունքում՝ կասկածվողը ներկայացավ տարածքային քննչական բաժին, տվեց խոստովանական ցուցմունք ու իրավապահներին հանձնեց առանց գործարանային համարի կրակող սարք, որն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում