ՀՀ երկրորդ նախագահը դատական հայց է ներկայացել ընդդեմ ՀՀ-ի՝ պահանջելով 2 մլն դրամի փոխհատուցում

ՀՀ երկրորդ նախագահը դատական հայց է ներկայացել ընդդեմ ՀՀ-ի՝ պահանջելով 2 մլն դրամի փոխհատուցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ֆինանսների նախարարության: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Քոչարյանը պահանջում է հաստատել իրավունքի խախտումը և ՀՀ-ից հօգուտ իրեն որպես ոչ նյութական վնասի հատուցում 2 մլն ՀՀ դրամ բռնագանձել:

Հայցը ներկայացվել է օգոստոսի 19-ին, մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին:

Քոչարյանի փաստաբանական թիմի մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ֆինանսների նախարարության, դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից Ռ․ Քոչարյանի իրավունքների խախտումը հաստատելու պահանջով։ Դանիբեկյանը Ռ․ Քոչարյանի անձին վերաբերող բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություն է հրապարակել։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

Առողջական խնդիրների պատճառով Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել ներկայանալ ս․թ․ մարտի 10-ին կայացած Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին: Փաստաբանները «Էրեբունի» ԲԿ-ից տեղեկանք են ներկայացրել դատարանին, որը դատավոր Աննա Դանիբեկյանը առանց պաշտպանների և Ռոբերտ Քոչարյանի թույլտվության հրապարակել է դռնբաց նիստին։

Հայցադիմումի մեջ նշված է նաև ոչ նյութական, բարոյական վնասի փոխհատուցման պահանջը՝ 2 մլն դրամի չափով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում