Սուրիկ Խաչատրյանը ներկա էր Սյունիքի նորանշանակ մարզպետի եւ աշխատակազմի հանդիպմանը

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հուլիսի 11-ին Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին եւ մարզի քաղաքային համայնքների ղեկավարներին: «Պարոն Հակոբյանին ներկայացնելու կարիք թերեւս չկա, ձեզնից յուրաքանչյուրը ճանաչում է նրան: Մենք վստահ ենք, որ պարոն Հակոբյանը ձեզ հետ միասին լուծելու է այն խնդիրները, որոնք դրված են մարզի առջեւ», – ասաց Տերտերյանը:

Շնորհակալություն հայտնելով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին’ Վաչե Տերտերյանը նշեց, որ նրա շնորհիվ Սյունիքի ցուցանիշները միշտ էլ բարձր են եղել հանրապետական միջինից: Նա հույս հատնեց, որ Վահե Հակոբյանի աշխատելու ընթացքում մարզում կարձանագրվեն դրական տեղաշարժեր թե բնակչության կենսամակարդակի, թե սոցիալ-տնտեսական ոլորտներում:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին’ բարի երթ ցանկացավ նրան: Դիմելով իր ղեկավարած կոլեկտիվին’ ասաց. «Կոչ եմ անում եւ խնդրում, որ այն տեմպերով, որ աշխատել ենք, նույն տեմպերով աշխատեք պարոն Հակոբյանի հետ: Հավատացնում եմ, որ նա Սյունիքի մարզպետի լավագույն թեկնածուն էր, համոզված եմ, որ այն խնդիրները, որ կան Սյունիքում, լուծվելու են, վստահ եմ, որ Սյունիքի մարզի արժանապատվության, հպարտության, սյունեցու էության մեջ որեւէ բան չի փոխվելու, եթե փոխվի, ապա կփոխվի միայն դեպի լավը»: Դիմելով նորանշանակ մարզպետին’ Խաչատրյանն ասաց. «Խնդրանքս այն է, որ առաջնորդվես սյունեցու հպարտությամբ եւ կարողանաս բարձր պահել այն, իսկ մենք անելու ենք այն, ինչ անհրաժեշտ լինի: Սիրելի’ բարեկամներ, ես ընդամենը հրաժարվել եմ պաշտոնից, բայց երբեք չեմ հրաժարվում Սյունիքին ծառայելուց»:

Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, վարչապետին’ իրեն Սյունիքի մարզպետի պատասխանատու պաշտոնը վստահելու համար, շնորհակալություն հայտնեց նաեւ նախկին մարզպետին’ կատարած աշխատանքի համար եւ հավաստիացրեց, որ «իսկապես, սյունեցու հպարտությամբ ու ոգով կարողանալու է խնդիրները լուծել, փնտրել նորանոր հնարավորություններ եւ նվաճել նորանոր բարձունքներ»:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունիսի 10-ին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին: Այդ պաշտոնը թափուր էր մնացել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպից հետո նրա հրաժարականի արդյունքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում