«Ծրագրում ենք տարածաշրջան այցելել, երբ սահմանները բացվեն». ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպով

«Ծրագրում ենք տարածաշրջան այցելել, երբ սահմանները բացվեն». ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպով

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն ԱՊԱ գործակալությանը հայտնել է, որ ՄԽ համանախագահները ծրագրում են տարածաշրջան այցելել, «երբ սահմանները բացվեն»:

Ըստ նրա՝ համանախագահները կապի մեջ են հայկական և ադրբեջանական կողմերի հետ:

«Ներկա պահին սահմանները փակ են: Այդ իսկ պատճառով չենք կարող տարածաշրջան այցելել: Ծրագրում ենք նման այց, երբ սահմանները բացվեն»,- ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը, Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով Ռուսաստան է մեկնել, որտեղ հանդիպում է անցկացնում իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ:

Նախօրեին Բայրամովը հայտնել էր ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ քննարկելիք թեմաների մասին, որոնց թվում առաջնային է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը։ Բացի այդ, Բայրամովն ընդգծել էր Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարումների թեման:

Անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին՝ Բայրամովը նշել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են աշնանը նման հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում