Հայաստանի ոգին ներկայանում է աշխարհին Սերգեյ Փարաջանովի միջոցով.Յոս Ստելինգին

Հայաստանի ոգին ներկայանում է աշխարհին հանրահայտ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստի միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ հուլիսի 11-ին հրավիրված ասուլիսում այս մասին նշեց հոլանդացի հանրահայտ ռեժիսոր Յոս Ստելինգը, ում «Աղջիկը եւ մահը» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնի «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրում: «Նախկինում մարդիկ կինո էին գալիս ուրիշ մշակույթներին հաղորդակցվելու համար, կարեւոր է, որ ձեր հայկական ոգին ցուցադրեք մնացած աշխարհին, այնպես, ինչպես դա արեց Փարաջանովը»,- ասաց Ստելինգը, ով խոստովանեց, որ Հայաստանի մասին լսել եւ հայկական մշակույթին ծանոթացել է հենց Փարաջանովի ֆիլմերի միջոցով:

Փառատոնի շրջանակում մեր երկրում հյուրընկալված ռեժիսորն անկեղծացավ, որ արդեն հասցրել է համոզվել, որ հայերը լավն են: «Դեռեւ «Զվարթնոց» օդանավակայանում այնպես ինձ զգացի, կարծես տանը գտնվեի: Հայերը լավ ժողովուրդ են, հատկապես հյուրասիրության եւ մի լավ բան արած լինելու հավակնության պատճառով»,- կարծիք հայտնեց հոլանդացի ռեժիսորը:

Անդրադառնալով կինոարտադրությանը’ նա նշեց, որ ֆիլմի միջոցով ռեժիսորն իր համար խնդիր է ստեղծում եւ լուծում է այն: Նրա դիտակետից երբեք չեն վրիպում սիրո պատմությունները: «Սիրո պատմությունները պարզ են, մարդիկ ձգտում են իրար եւ ինձ հետաքրքրում է իրար ձգտողների միջեւ ընկած տարածքը: Մարդիկ, կարելի է ասել, ցանկանում են միմյանց կողքին լինել, տենչում են. ինչ-որ բան գլխիդ մեջ կարծես «չխկում» է եւ քո տենչանքի առարկան, հատկապես, երբ երկար ժամանակ չես տեսնում, գնալով ավելի է գեղեցկանում քո աչքում, հիվադության պես մ ի բան է»,- նշեց կինոռեժիսորը:

Նրա գնահատմամբ’ ֆիլմը տեսողական ավեստ է եւ նման է երաժշտությանը, որը բարձրագույն արվեստ է եւ կպչում է մարդու հոգուն: «Կանացի էներգետիկան հենց ֆիլմ նայելու համար է, քանի որ ֆիլմը կապված է տեսողական ասոցիացիաների հետ»,- նշեց նա’ ավելացնելով, որ ֆիլմը առաջին հերթին միտված է զգացական դաշտին եւ ինտելեկտի հետ անմիջական կապ չունի: «Հենց սկսում ես մտածել, ուրեմն ինչ-որ մի բան այն չէ»,- հավելեց Ստելինգը:

Նա պատմեց, որ երկու տարի առաջ կրկին «Ոսկե ծիրան»-ի շրջանակում դասընթացներ էր ացկացրել հայ ուսանողների համար եւ նրանց աջակցել ֆիլմերի նկարահանման գործում: «Այսօր առավոտյան կնոջս ասացի’ գուցե լավ գաղափար է մի 45 րոպե տեւողությամբ ֆիլմ նկարահանել այստեղ»,- ժպտալով ասաց կինոգործիչը’ հավելելով, որ Հայաստանի մասին ֆիլմ նկարահանելը բացառված չէ, սակայն առաջիկայի ծրագրերին է վերաբերում:

Նա նաեւ պատմեց, որ ընթերցել եւ ընթեցում է ռուս գրականություն եւ Ալեքսանդր Պուշկինին համարում է աշխարհի լավագույն գրողներից մեկը: «Ռուսական գրականությունն ինձ գրավում է եւ սա այն է, ինչ ռուսները պետք է պահպանեն»,- ընդգծեց «Ոսկե ծիրան»-ի հյուրը, ով ասուլիսի ավարտին իր անմիջականության եւ հումորի առանձնահատուկ զգացման համար արժանացավ լրագրողների ծափահարություններին:

Ռեժիսոր Յոս Ստելինգի «Աղջիկը եւ մահը»’ ռուս երիտասարդ Նիլոկայի եւ կուրտիզանուհի Էլիզի ողբերգական սիրո պատմությունը, ընդհատվում է նյութապաշտպանության, հարստության եւ մահվան սպառնալիքի պատճառով: Նիկոլայը Փարիզ մեկնելու ճանապարհին որոշում է գիշերն օթեւանել փոքրիկ հյուրանոցում, որտեղ աշխատում է Էլիզը: Հենց այստեղ էլ նա պատահաբար հանդիպում է գրավիչ աղջկան եւ միանգամից սիրահարվում:

Ֆիլմն արժանացել է հոլանդիայի «Ոսկե հորթ» կինոփառատոնի մրցանակին լավագույն օպերատորական աշխատանքի, լավագույն հնչյունային ձեւավորման համար: Ստելինգը մշակութային նվաճումների համարն իր հայրենիքում արժանացել է Հոլանդական առյուծի ուխտի ասպետի արքայական շքանշանի: 1981 թվականին հիմնել է «Հոլանդական կինոյի օրեր» փառատոնը եւ մինչեւ 1991 թվականը եղել է փառատոնի տնօրենը: Նրա ֆիլմացանկում ընդգրկած ֆիլմերից են «Աճպարարը», «Առեւտրի սրահը», «Դուշկան», «Այ ցը», «Թռչող հոլանդացին», «Ոչ ինքնաթիռ, ոչ գնացք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում