«Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում մտահոգություն ունեն, որ եթե Աշոտ Բլեյանին ընդառաջեն, վատ նախադեպ կդառնա

«Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում մտահոգություն ունեն, որ եթե Աշոտ Բլեյանին ընդառաջեն, վատ նախադեպ կդառնա

«Սեպտեմբերի 4-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը դառնում է 65 տարեկան, և ՊՈԱԿ-ների մասին օրենքով նա այլևս չի կարող տնօրեն աշխատել։

Կրթահամալիրի կոլեկտիվն ու ծնողները պահանջում են, որ ՊՈԱԿ-ը փոխեն հիմնադրամի, որպեսզի Բլեյանը շարունակի տնօրեն աշխատել։ Մենք հետաքրքրվեցինք կրթության նախարարությունից, թե ինչ լուծում են գտել․ ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, որ պահանջը մերժվել է՝ ՊՈԱԿ-ը հիմնադրամ չի դառնալու։ Արայիկ Հարությունյանը կարծում է, որ նպատակահարմար չէ։

Նախարարությունը մեկ ամիս առաջ ծանուցում է ուղարկել Բլեյանին՝ հիշեցնելով, որ նա չի կարող սեպտեմբերից պաշտոնավարել, նրա հետ պայմանագիրը լուծվել է։ Բլեյանի կողմնակիցները պնդում են, որ սա հեղինակային մանկավարժություն է, և ԿԳՄՍ-ն պետք է ընդառաջի ու պայմաններ ստեղծի, որ Բլեյանը մնա։

Հասարակայնության հետ կապերի վարչությունից մեկնաբանեցին, որ թեպետ իրավական տեսանկյունից ՊՈԱԿ-ից հիմնադրամ վերածվելու արգելք չկա, բայց նախկինում մի քանի ՊՈԱԿ-ի՝ հիմնադրամ դառնալուց հետո դժգոհել են և խնդրել, որ նորից ՊՈԱԿ դառնան։ Դժգոհության պատճառն այն է, որ հիմնադրամ դարձած դպրոցների կառավարմանը պետական մասնակցությունը նվազում է՝ պակասում են պետությունից ստացվող ֆինանսական միջոցները։

ԿԳՄՍ-ում նաև մտահոգություն ունեն, որ եթե մեկ հոգու ընդառաջեն, կդառնա վատ նախադեպ՝ 65-ը լրացած բոլոր տնօրենները կպահանջեն դառնալ հիմնադրամ։ ԿԳՄՍ-ից ասում են՝ եթե սա զարգացմանը միտված քայլ է, ինչո՞ւ հիմնադրամ դառնալու պահանջը ծագեց Բլեյանի 65 տարին լրանալուց 2 ամիս առաջ միայն՝ հունիսին»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում