ԵՊՀ ՀԽ արտահամալսարանական անդամները գործում են ըստ իշխանության հրահանգի. Մենուա Սողոմոնյան

ԵՊՀ ՀԽ արտահամալսարանական անդամները գործում են ըստ իշխանության հրահանգի. Մենուա Սողոմոնյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԵՊՀ հոգաբարձուների խորհրդի արտահամալսարանական անդամները՝ Կառավարության և ԿԳՄՍՆ-ի քվոտայով նշանակված ներկայացուցիչները, գործում էին մի կենտրոնից՝ իշխանությունից ստացված հրահանգի համաձայն, նրանց գործողությունները հստակ սինխրոնացված էին, հստակ գծագրված սխեմա էր, որ պետք է քվեարկեին Գևորգ Մուրադյանի՝ ՀԽ նախագահ ընտրվելու օգտին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, Հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ՀԽ նոր կազմով կայացած առաջին նիստին:

Նրա խոսքով՝ այդպիսի եզրակացություն անելու հիմքն այն էր, որ իր կողմից իրավական բնույթի խախտմանը վերաբերող հարցերը օրակարգ չեն մտել, մինչդեռ դրանք վերաբերում էին կայացվելիք որոշումների լեգիտիմությանը:

«ՀԽ արտահամալսարանական անդամներն իրենց կարգավիճակին համապատասխան դերը լիարժեք չեն պատկերացնում: Շատերի մոտ ես նկատում էի ավելորդ շտապողականություն: Եթե ՀԽ անդամ են, պետք է պատրաստ լինեն հարցերը քննարկել, և գուցե դրա համար ժամեր էլ պետք լինեն:

Որոշները հրաժարվեցին ՀԽ նախագահի պաշտոնում առաջադրվելուց՝ հղում անելով իրենց բազմազբաղությանը: Եթե բազմազբաղ են, ինչո՞ւ են դարձել ՀԽ անդամ. նախագահի ու անդամների՝ համալսարանի գործերով զբաղվածության հարցում էական տարբերություններ չկան: ՀԽ անդամը պետք է պատրաստ լինի ջանք ներդնել, քանի որ խնդիրները շատ են»,- ասաց Սողոմոնյանը՝ նշելով, որ բազմազանությանը հղում անելը ևս ցույց է տալիս, որ ՀԽ աշխատանքները դեռևս ֆորմալ-աշխատանքային բնույթ են կրում:

Սողոմոնյանը համաձայն է այն դիտարկումներրին, որ թեև գործող իշխանությունն անընդհատ խոսում է բուհերի ինքնավարության անհրաժեշտության մասին, կարևորում բուհերի ապաքաղաքական լինելը, սակայն համալսարանը մնում է քաղաքականացված, և որոշումները կայացվում են՝ քաղաքական նկատառումներից ելնելով:

«Գևորգ Մուրադյանի՝ ՀԽ նախագահի պաշտոնում անցած 1.5 տարվա գործունեությունը վկայում է այդ մասին, բուհի շահերից բխող գործողություններ տեսանելի չեն: Գուցե ընթացակարգային բնույթի ինչ-որ կարգավորումներ եղել են, բայց նրա գործունեությունը չի բխել համալսարանի շահերից, նա ԵՊՀ-ի խնդիրների լուծմամբ չի զբաղվել:

Հրավիրել է նիստեր, որոնց օրակարգի հարցերն ավելի շատ եղել են քաղաքական նկատառումներից ելնելով պատվերներ»,-ասաց Սողոմոնյանը:

Նրա խոսքով՝ թեև իշխանությունները նշում են, որ ՀԽ արտահամալսարանական անդամները կուսակցականներ չեն, բայց դրանից ինչ օգուտ, եթե նրանք ի շահ համալսարանի չեն գործում, ընդհակառակը՝ քաղաքական պատվերով են առաջնորդվում՝ դրանով իսկ հակասելով բուհական ինքնավարության սկզբունքին, տարընկալումներ կան ինքնավարության բովանդակության հարցերում:

«Իրենք ինքնավարությունն ավելի շատ տեսնում են ակադեմիական ինքնավարության շրջանակներում, օրինակ, ուսանողների կողմից առարկաների ընտրություն, որը ևս ինքնավարություն է, բայց ինքնավարությունը միայն այդ մեկ հենասյունը չունի, այն նաև վերաբերում է կազմակերպչական աշխատանքներին, թե կազմակերպությունը որքանով է ինքնավար իր կառույցները սահմանելու, ստորաբաժանումների ղեկավարներին ընտրելու առումով: Դրան կարևորություն չի տրվում»,-ասաց Սողոմոնյանը, ապա շարունակեց.

«ՀԽ-ն վերահսկվում է, բայց նախարարությունը բուհի ռեկտորի գործունեության պատասխանատվությունը չի կրում: Ստացվում է՝ նախարարության նշանակմամբ ռեկտորի ընտրություն է կայանում, բայց նախարարությունը կարող է չկրել բուհի ձախողման պատասխանատվությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում