Առիթ չէի ունեցել տեսնելու իլյուստրացիաներով հագեցած ռազմավարություն. Արման Սաղաթելյան (տեսանյութ)

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: «Անվտանգության գործոն» և «Տողերի արանքում» հաղորդումների համատեղ եթերում Արման Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանն անդրադարձել են Հայաստանի ներքին օրակարգում տեղի ունեցող զարգացումների արտաքին քաղաքական հետևանքներին և վերջերս ընդունված Ազգային անվտանգության նոր ռազմավարությանը:
«Իլյուստրացիաներով հագեցած ռազմավարություն առիթ չէի ունեցել տեսնել երբեք: Երբեք չէի տեսել նաև փաստաթուղթ, որը պարունակում է ինչ-որ ուղերձ, որը դրված է փաստաթղթի մեջ»,- նշել է Արման Սաղաթելյանը:
Արձանագրվել է, որ փաստաթուղթը ո՛չ բառամթերքով, ո՛չ կառուցվածքով, ո՛չ բովանդակությամբ ռազմավարություն չէ: Սակայն կարևոր է հասկանալ հենց այս պահին՝ արտակարգ իրավիճակի պայմաններում, նոր ռազմավարություն ընդունելու նպատակը:
«Ցանկացած նորմալ երկրի պարագայում, երբ ռազմավարություն են փոխում կամ ընդունում, դա պետք է հստակ նպատակ հետապնդի: Ցանկացած տրամաբանության պարագայում պատասխանն այն է, որ փոփոխությունը հասունացած էր, 2007թ-ից Հայաստանում և մեր շուրջը տեղի են ունեցել շատ կարևոր իրադարձություններ ու զարգացումներ, որոնք իրենց արտացոլումը պետք է ունենան ռազմավարության մեջ: Մեր պարագայում չխոսենք իրական նպատակների մասին, որոնք սկսվում և ավարտվում են որոշ մարդկանց բարդույթներով, որ ամեն ինչ պետք է նորը լինի»,- նշել է Կարեն Բեքարյանը:
Միաժամանակ, այս տարիների ընթացքում տեղի ունեցած իրական փոփոխություններից ոչ մեկն այս ռազմավարության մեջ արտացոլված չէ՝ ո՛չ Հայաստանի անդամակցելը ԵԱՏՄ-ին, ո՛չ ԵՄ հետ նոր համաձայնագրի ստորագրումը, ո՛չ հայ-թուրքական գործընթացն իր դասերով, ո՛չ Ապրիլյան պատերազմը և այլն:
Բանախոսների դիտարկմամբ՝ շատ «կարևոր, ցավալի և վտանգավոր ամրագրում» է այն, որ փաստաթղթում Արցախի կողքին չի նշվում Հանրապետություն բառը: Մինչ այդ Արցախի սուբյեկտայնությանը հասցված հարվածների ֆոնին դա դժվար է պատահականություն կամ խմբագրական սխալ համարել:
Զրուցակիցներն ուշադրություն են հրավիրել նաև, որ «Արցախի ժողովուրդ», «Արցախի քաղաքացիներ», «Արցախի հասարակություն» ընդունելի ձևակերպումները կերպափոխվել են ազգաբնակչության:
«Արցախյան հարցի վերաբերյալ ունենք որոշակի կետերի թվարկում, բայց հայեցակարգային մոտեցումը, կարմիր գծերը, մանևրելու դաշտերը որևէ կերպ տեսանելի չեն: Շատ ավելի հայեցակարգ կարելի էր համարել վարչապետի յոթ կետի ամրագրումը կառավարության նիստին, քան այն, ինչ արտացոլվեց այս փաստաթղթում»,- ասել է Բեքարյանը:
Նրանց կարծիքով՝ Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունները մի պարբերության մեջ միասին դիտարկելն անհարգալից վերաբերմունք է երկուսի նկատմամբ էլ: Փոփոխվել է նաև Թուրքիային առնչվող մոտեցումը՝ Անկարայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ թշնամական կեցվածքից, հարկադրանքի քաղաքականության կիրառումից, չհայտարարված պատերազմից ձևակերպման մեջ անցում է կատարել անբարյացակամ վերաբերմունքի: ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների սահմանումն այնքան է մոտարկվել, որ անփորձ ընթերցողը տարբերությունը կարող է չնկատել: Մինչդեռ տարանջատումը և՛ օբյեկտիվ, և՛ անհրաժեշտ է:
«Այս փաստաթուղթը երկրի յուրատեսակ անձնագիր է, և ցանկացած պետություն, կառույց, որը խնդիր ունի ճանաչել անվտանգային որևէ ասպեկտի վերաբերյալ Հայաստանում առկա պատկերը, այն ուսումնասիրելու է»,– նշել է Սաղաթելյանը:
Այս փաստաթղթով դեպի արտաքին աշխարհ հղվող ազդակները որևէ դրական, հուսադրող բան չեն պարունակում, իսկ դեպի սեփական հասարակություն հղվող ազդակների խնդիրն այն է, որ դրանում կորել են բոլոր թիրախները, որոնցով պետք է առաջնորդվեր, այդ թվում՝ պետական համակարգը:
Վերջում զրուցակիցներն արձանագրել են, որ այս ամենի դրական կողմն այն է, որ այն, ինչը հանրության համար, ցանկացած քաղաքացու համար փակ, անհասկանալի էր, ընկալելի չէր երկու տարի առաջ, այժմ ակնհայտ և տեսանելի է: Ցանկացած ոք, ով այս ամենին չի վերաբերվում ուղղակի ֆանատիզմով, այսօր հնարավորություն իրական գնահատական տալ այս իշխանությունների վարած քաղաքականությանն ու պատկերացումներին: Սա ամենահուսադրող է:
Մանրամասները տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում