ՀՔԾ. Ձերբակալվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետը
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Կալանավորված անձ Վահագն Աբգարյանին ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Ս. Մ.-ն:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների կատարման մեջ, որ, 25.07.2019 թվականից մինչև 03.03.2020 թվականը զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և ՔԿՀ աշխատակիցներին դրդել պաշտոնեական կեղծիք կատարելուն:
Մասնավորապես՝ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2020 թվականի փետրվարի 24-ին Ս.Մ.-ն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի` տվյալ օրվա հերթափոխային ծառայությունում ընդգրկված, հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Հ.Ա.-ին հանձնարարել է Վահագն Աբգարյանին վերջինիս խցից ուղեկցել նույն ՔԿՀ-ի մեկ այլ մասնաշենքում գտնվող ընդունելությունների համար նախատեսված սենյակ՝ հիմնարկի դատապարտյալների հետ զրուցելու համար: Վահագն Աբգարյանին հիմնարկի պետի մոտ ուղեկցելու պատրվակով Վ. Աբգարյանը դուրս է բերվել իր խցից, Հ.Ա.-ի կողմից ուղեկցվել է հիմնարկի` ընդունելությունների համար նախատեսված սենյակ, որտեղ այդ պահին նրան արդեն իսկ սպասող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև, որ Վահագն Աբգարյանի կողմից մարմնական վնասվածք ստանալու իրական դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով` ՔԿՀ պետ Ս.Մ.-ն Հ.Ա.-ին և հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Զ.Պ.-ին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք, այն է՝ հանձնարարել է կազմել իրեն հասցեագրված զեկուցագիր առ այն, թե իբր Վահագն Աբգարյանն իր խցի սանհանգույցից դուրս գալուց հետո սայթաքել և վայր է ընկել, ինչի հետևանքով էլ ստացել է մարմնական վնասվածք: Արդյունքում Զ.Պ.-ն Հ.Ա.-ի օժանդակությամբ կազմել է իրականությանը չհամապատասխանող` վերը նշված բովանդակությամբ կեղծ զեկուցագիրը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում