Գրիգորիուի սկանդալային ելույթը չի արտացոլում Մոլդովայի պաշտոնական դիրքորոշումը.
Նմանատիպ
Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի’ Հայաստանի Ազգային ժողովում ունեցած սկանդալային ելույթը չի արտացոլում մոլդովական կողմի պաշտոնական դիրքորոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով vesti.md-ն, այսօր տեղի ունեցած նիստում նման եզրակացությամբ հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով Մոլդովայի խորհրդարանի հանձնաժողովը:
«Հայաստանում ունեցած իր ելույթի ժամանակ Գրիգորիուն հայտնել է իր անձնական տեսակետը: Մոլդովան ունեցել է տարածքային հակամարտություն, դրա համար էլ մենք հասկանում ենք, թե ինչքան սխալ է Գրիգորիուիի պահվածքը, ով իրավական գնահատականներ է տվել հայկական և ադրբեջանական կողմերին»,- նշել է հանձնաժողովի նախագահ Վադիմ Միշինը:
Նրա խոսքով’ Գրիգորիուն իր ելույթում ցուցաբերել է բացարձակ քաղաքական կարճատեսություն և ոչ կոմպետենտություն: «Օրենսդրությունը խորհրդարանական փաստաբանին իրավասաություններ է վերագրում’ զբաղվելու մարդու իրավունքների խնդիրներով սեփական երկում: Իր կարծիքն արտահայտելիս նա պետք է մտածեր, որ հայտարարությունը հնչեր մաքսիմալ պրոֆեսիոնալ և ապաքաղաքականացված կերպով»,- շեշտել է Միշինը:
Միշինը նաև մեղադրել է Գրիգորիուին ՄԱԿ-ի փաստաթղթերի իմաստը խեղաթյուրելու մեջ’ մասնավորապես ընդգծելով, որ նա օգտագործել է փաստաթղթերի առանձին մտքեր’ դրանք դուրս դնելով համնատեքստից:
Այնուամենայնիվ, հանձնաժողովի գնահատականը դեռևս նախնական է, իսկ վերջնական եզրակացությունը կընդունվի առաջիկայում:
Հուլիսի 3-4-ն ՀՀ Ազգային ժողովում անցկացված «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովի ընթացքում Գրիգորիուն հայտարարել էր, թե իբր «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը և «Խոջալուի ցեղասպանությունն» իրականացրել են հայերը»: Մոլդովայի խորհրդարանական փաստաբանը Հայաստանին անվանել էր «ագրեսոր երկիր»:
Հետագայում պարզվել էր, որ Աուրելիա Գրիգորիուն Երեւան գալուց 2 շաբաթ առաջ եղել էր Բաքվում: Համացանցում տարածվել են Գրիգորիուի ֆեյսբուքյան լուսանկարներն ու գրառումները, որտեղ «անկաշառ» եւ «օբյեկտիվ» փաստաբանն իր սերն է արտահայտում Ադրբեջանի նկատմամբ: Իր անվան հետ կապված սկանդալից հետո Գրիգորիուն ֆեյսբուքյան էջից, նախանձելի օպերատիվությամբ, մաքրել էր իր կողմակալությունը բացահայտող լուսանկարներն ու գրառումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում