ԵՊՀ–ին ինքնավարություն տրված չէ. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյան

ԵՊՀ–ին ինքնավարություն տրված չէ. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՉեմ կարծում, որ Երևանի պետական համալսարանի ռեկտորի համար չկա հարմար թեկնածու: Այդ գործառույթը ստանձնել է ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, որը կոլեգիալ մարմին է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը անդրադառնալով դիտարկմանը, որ մոտ մեկ տարի է՝ ԵՊՀ-ի ռեկտորը ժամանակավոր պաշտոնակատար է:

Նրա խոսքով՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին պետք է հնարավորություն տրվի ընտրել ԵՊՀ ռեկտոր։

«Օրենքով տրված է, բայց օրենքի ճկունության վրա հենվելով նախարարությունը փորձում է հնարավորինս ձգձգել ԵՊՀ ռեկտորի ընտրության օրը: Ես չեմ հասկանում, թե որն է պատճառը, չնայած, ըստ շրջանառվող լուրերի, հավանական է, որ դեռևս չեն գտել այն թեկնածուին, ով իրենց համար լավագույնն է, և ես շատ մեծ մտահոգություն ունեմ, թե իրենք ինչ չափանիշներով են որոշում, թե որն է լավագույնը, որը չի համապատասխանում իրենց ստանդարտներին»,- ասաց Դավիթ Ափոյանը:

Նրա խոսքով՝ այս պահին առաջադրված թեկնածուների մեջ կարող են շատ լավ ընտրություն կատարել: Ուսխորհրդի նախագահի կարծիքով՝ լավ կլինի ունենալ մշտական ռեկտոր, նույնիսկ եթե նա կոմպետենտության առումով խնդիր կունենա, քան նրա փոխարեն անընդհատ լինի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

«Այսքան խնդրի մեջ, ավելացել է նաև այս հարցը: Օրենքով է սահմանված, որ Մայր բուհն ինքնավար է, բայց այդ ինքնավարությունը բուհին տրված չէ: Չի կարող ինքնավարություն լինել մի կառույցում, որտեղ 50 տոկոսը Կառավարության ներկայացուցիչներն են, իսկ Կառավարությունը 50 տոկոս ներկայացուցիչ ունենալով մյուսների կարծիքի վրա կարող է ազդել»,– ասաց նա:

«Գաղտնիք չէ, որ այս իշխանության ցանկացած պետական մարմնի աշխատակիցներ փորձել են քաղաքականապես ամրապնդել իրենց դիրքերը՝ ելնելով իրենց քաղաքական շահերից, ու այն փաստը, որ ԵՊՀ-ն 15 հազար ուսանող ունեցող կառույց է, էլ չեմ ասում, որ 3 հազար աշխատակից ունի, կարծում եմ՝ պարզից էլ պարզ է, որ այս կառույցը թողնել ինքնավարության, իշխանության համար այնքան էլ ձեռնտու չի լինի ու, ցավոք սրտի, դա հետագայում կարող է ծառայել իրենց քաղաքական շահերին, նման դրսևորումներ մենք ունեցել ենք ու տեսել ենք»,- ասաց Դավիթ Ափոյանը:

Նրա խոսքով՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում ընտրված են այնպիսի մարդիկ, որոնք առանցքային որոշումների կայացման գործում հավատարմություն կդրսևորեն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին:

«Իսկ մենք հոգաբարձուների խորհրդի նախորդ նիստի ժամանակ ականատես եղանք, որ անդամներից մեկը նույնիսկ հստակ չէր տեղեկացել, թե օրակարգում ինչ հարցեր են ներառված ու ընթացքում փորձում էր մեջբերումներ անել կապված ռեկտորի ընտրության ընթացակարգի հետ՝ տեղյակ չլինելով, որ այդ հարցը երրորդ կետում ներառված է: Սրանք մանր կետեր են, որոնք ապացուցում են, որ այդ կազմը ոչ ամբողջությամբ է առաջադրվել, որպեսզի հոգա համալսարանի շահերը»,- ասաց նա։

Դավիթ Ափոյանի խոսքով՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի վերջին մեկ տարվա աշխատանքից կարելի է եզրակացնել, որ այդ մարդու գործունեությունը միտված չէ բուհի շահին, թեպետ նա իր առաջին ընտրության ժամանակ խոստացավ, որ գործելու է բացառապես բուհի շահով: «Բայց մենք այդպես էլ չտեսանք, դրա մասին վկայող բազմաթիվ ապացույցներ կան»,- ասաց Դավիթ Ափոյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում