Երեք ու հինգ աստղանի «Արարատ» կոնյակներն ամենամեծ ծավալներով են արտահանվում Հայաստանից

Հայաստանի Հանրապետությունից աշխարհի 30 երկրներ արտահանվող «Արարատ» կոնյակներից առավել մեծ ծավալներ են արձանագրում 3 եւ 5 աստղանիները: Այդ մասին «Արմենպրես»-ին ասաց Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջեր Զարուհի Սարիբեկյանը: «Հաշվի առնելով «Արարատ» կոնյակների մեծ տեսականին և արտահանման լայն աշխարհագրությունը, հնարավոր չէ առանձնացնել միջազգային ասպարեզում ամենապահանջվածը: Այդուհանդերձ, կարելի է նշել, որ «Արարատ» 3 աստղ և «Արարատ» 5 աստղ կոնյակներն արձանագրում են արտահանման առավել մեծ ծավալներ»,- ասաց Սարիբեկյանը: Նա նշեց, որ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կողմից արտադրվող «Արարատ» կոնյակների տեսականին լայն սպառման շուկայում ներառում է հետևյալ անվանումները’ «Արարատ» 3 աստղ (3 տարի հնացում), «Արարատ» 5 աստղ (5 տարի հնացում), «Անի» (6 տարի հնացում), «Ընտիր» (7 տարի հնացում), «Ախթամար» (10 տարի հնացում), «Դվին Կոլեկցիոն» (10 տարի հնացում), «Տոնական» (15 տարի հնացում), «Նաիրի» (20 տարի հնացում):

Սարիբեկյանը նշեց, որ վերջին տարիներին «Արարատ» կոնյակների արտահանման կայուն աճ է գրանցվել, ու այդ միտումը շարունակական է: Մասնավորապես, 2010-ի հուլիսից 2011-ի հունիս արտահանվել է 2 միլիոն 503 հազար լիտր կոնյակ, 2011-2012 թթ. նույն միջակայքում՝ 3 միլիոն 365 հազար լիտր եւ 2012-ի հուլիսից 2013-ի հունիս’ 3 միլիոն 633 հազար լիտր:

Սարիբեկյանը հիշեցրեց, որ մարտի 14-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվել է «Արարատ» կոնյակների պաշտոնական շնորհանդեսը: «Հետայսու «Արարատ» կոնյակները հասանելի կլինեն նաև Սլովակիայի խոշոր առևտրի կենտրոններում, ցանցային խանութներում, ինչպես նաև HoReCa (հյուրանոց, ռեստորան, սրճարան) հատվածում»,- ասաց գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջերը:

Համաշխարհային կոնյակի շուկայի մոտ 2 տոկոսը ծածկվում է հայկական լեգենդար կոնյակի շնորհիվ: Հայկական կոնյակի սպառման ամենամեծ շուկան շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը, որին հաջորդում են Ուկրաինան եւ եվրոպական երկրները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում