«Ֆրանսիայում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումն անընդունելի է». Իրանի ԱԳՆ խոսնակ
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Իրանը միանգամայն անընդունելի է համարում ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումը և խստորեն դատապարտում է նման գործողությունները: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն, գրում է eadaily.com կայքը` հղում տալով IRNA պետական տեղեկատվական գործակալությանը:
«Մուհամեդ մարգարեի և մյուս մարգարեների նկատմամբ ցանկացած անհարգալից վերաբերմունք անընդունելի է», – նշել են Իրանի արտաքին գործերի նախարարությունում:
Խատիբզադեի խոսքով՝ «ֆրանսիական հրատարակության վիրավորական հրապարակումները վերահրապարակվել են խոսքի ազատության պատրվակով», բայց «վիրավորել են աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մուսուլմանների զգացմունքները»:
«Խոսքի ազատությունը կարևոր արժեք է, որը պետք է օգտագործվի մարդկանց խաղաղ գոյակցության համար»,- հիշեցրել են Իրանի ԱԳՆ-ում:
Ֆրանսիական Charlie Hebdo սատիրիկ շաբաթաթերթի հրատարակությունը սեպտեմբերի 2-ին որոշել է իր նոր համարում կրկին տպագրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնք ամսագրի խմբագրությունը ահաբեկիչների թիրախ էին դարձրել 2015թ. սկզբին: Հարձակումը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 7-ին՝ Փարիզում: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՜ ֆրանսիացի հայտնի ծաղրանկարիչներ Ստեֆան Շարբոնյեն, Ժան Կաբյուն և Ժորժ Վոլինսկին: Եվս 11 մարդ վիրավորվել էր: Աշխատավայրում լրագրողներին գնդակահարելու պատասխանատվությունը ստանձնել էր «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում