Ադրբեջանի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը սպառնում է տարածաշրջանային կայունությանը. Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հուլիսի 11-ին Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:

Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը կարեւորել է ավանդական բարեկամության եւ փոխվստահության վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունների բարձր մակարդակը: Զրուցակիցները բարձր են գնահատել միջխորհրդարանական համագործակցությունում նկատվող դրական դինամիկան: Նրանք գոհունակությամբ են արձանագրել, որ հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հանդիպումներն ավանդական բնույթ են կրում:

Էդուարդ Շարմազանովը մեծապես կարեւորել է միջազգային ասպարեզում փոխգործակցությունը եւ առավել ակտիվ ներգրավվածությունը միջազգային կազմակերպություններում:Նա նշել է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԱՀԿ շրջանակներում հայ խորհրդարանականները սերտորեն համագործակցում են նաեւ բելառուսցի գործընկերների հետ: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը սպառնում է տարածաշրջանային կայունությանը:

Վլադիմիր Անդրեյչենկոն իր հերթին նշել է, որ Բելառուսը հանդես է գալիս ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Հանդիպման ավարտին կողմերը նկատել են, որ առեւտրատնտեսական փոխգործակցությունը զգալիորեն զիջում է քաղաքական հարաբերությունների մակարդակին:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին կքննարկվի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք մասնավորապես կառնչվեն երկկողմ տնտեսական համագործակցությանը եւ միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում