«Անահիտ» հայկական առաջին ինտերակտիվ հեքիաթը հասանելի է Ipad-ների և Iphone-ների համար

«Անահիտ» առաջին ինտերակտիվ հեքիաթը օգտագործվում է աուտիզմով հիվանդ հայ երեխաների սեսիաների անցկացման ժամանակ: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց հեքիաթը ստեղծող, ծրագրավորող Վահան Գևորգյանը’ նշելով, որ դա հեքիաթի ձեռքբերումներից է:

«Ինտերակտիվ հեքիաթի ստեղծումը տևել է 4-5 ամիս, սկզբում նախատեսված էր միայն ipad-ների, հիմա նաև iphone-ների համար: Այն թույլ է տալիս հեքիաթը տեսնել, լսել, կարդալ ու դառնալ հեքիաթի հերոս»,- նշեց Վահան Գևորգյանը: Ինտերակտիվ հեքիաթը լավ այլընտրանք է այն երեխաների համար, ովքեր չեն սիրում կարդալ, այն բաղկացած է անշարժ նկարներից, որոնցից ցանկացածին դիպչելով’ դրանք կենդանանում են: Հեքիաթը եռալեզու է’ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Ամբողջ հեքիաթում հնչում է դասական երաժշտություն: Հեքիաթում օգտագործված են հայկական էլեմենտներ’ Անահիտ գորգը, քանոն երա ժշտական գործիքը, քոչարի պարող մարդկանց խումբը: Հեքիաթն ավարտվում է ավանդական երեք խնձոր ընկնելով:

Վահան Գևորգյանը հեքիաթն ընտրել է այն շատ սիրելու և ուսուցողական լինելու նկատառումով: «Քանի որ հեքիաթը երկար է, այն մշակվել է ու ներկայացված է 10 շարժանկարների միջոցով»,-նշեց նա: Հեղինակի խոսքերով’ ներբեռնումների քանակը մի քանի հազարի է հասնում, ինքն էլ ստացել է բազմաթիվ արձագանքներ օտարերկրացիների կողմից, ովքեր շատ են հավանել հեքիաթը:

Առաջին ինտերակտիվ մուլտֆիլմը կմասնակցի World Summit Award էլեկտրոնային բովանդակության մրցույթին:

Նախորդ տարվա դեկտեմբերի վերջից հեքիաթը տեղադրված է Applestore-ի խաղային պլատֆորմի վրա «Queen Anahit» անվամբ, քանի որ օտարազգիների կողմից այդպես ավելի գրավիչ է դառնում հեքիաթը: Այն վճարովի է’ ipad-ի համար 4 դոլար է, iphone-ի համար’ 1 դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում