Անհնար է այդպես աշխատել. հագուստի ու կոշիկի արժեքը կթանկանա

Անհնար է այդպես աշխատել. հագուստի ու կոշիկի արժեքը կթանկանա

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Կառավարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել ապրանքների, հիմնականում, հագուստի ներմուծմամբ զբաղվող գործարարները:

2020 թվականի սեպտեմբերի 1-ից փոխվում են հագուստի մաքսազերծման մեթոդները։ Ներմուծվող հագուստն այսուհետ մաքսազերծվելու է բոլոր այլ ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։ Այսինքն՝ այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, հաշիվ ապրանքագրում պետք է նշված լինի ապրանքի ստույգ քանակը, գինը, անվանումն ու մոդելը։ Ինֆորմացիայի թերի հայտարարագրումը կբերի վարչարարության կիրառման։

«Մաքսազերծումը եղել է 3 դոլար 25 ցենտ՝ հագուստի ու կոշիկի դեպքում: Հիմա մոտավորապես վեց անգամ մաքսային աժեքն ավելանում է: Ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ՝ ապրանքի թանկացում, իմ գործունեությունը պետք է փակեմ ու ինձ պես հազարավոր մարդիկ կան: Իսկ մենք հարկ ենք մուծում», – խնդիրը ներկայացրեց ցուցարարներից մեկը:

Ցուցարարները տեղեկացրին նաև, որ ներկրողներից մեկի դեպքում վճարը նախկին՝ 54 հազար դրամի փոխարեն 316 հազար դրամ է կազմել: Ասում են. «Անհնար է այդպես աշխատել»:

Նրանք կառավարության ներկայացուցիչներից պահանջում են դուրս գալ ու իրենց հարցերին պատասխանել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում