Հայաստանում հացահատիկի ծավալն այս տարի 45-46 հազար տոննայով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը

Հայաստանում ցորենի և հացահատիկային այլ մշակաբույսերի արտադրության ծավալն այս տարի 45-46 հազար տոննայով կգերազանցի անցյալ տարվա մակարդակը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։ Նրա խոսքով՝ դա առաջին հերթին պայմանավորվ? ?ծ էցանքատարածությունների ավելացմամբ։ «Այս տարի հացահատիկային մշակաբույսերի գծով ցանքատարածությունները նախորդ տարվա համեմատ ավելի են 9-10 հազար հետկարով՝ 172 հազար հեկտարի փոխարեն ունենք 181-182 հազար հա ցանքատարածություն։ Անցյալ տարվա 456,1 հազար տոննա հացահատիկի և հատիկաընդեղենի փոխարեն այս տարի նախատեսվում է 500 հազար տոննայի սահմաններում համախառն բերք»,- ասաց Գալստյանը: Նրա խոսքով՝ անցյալ տարվա համեմատությանբ մեկ միավոր հեկտարի հաշվով այս տարի ակնկալվում է 2-3 ցենտներից ավելի հացահատիկ։ Փոխնախարարը նշում է, որ տարին բարեհաջող է հացահատիկային մշակաբույսերի համար և բերքահավաքից հետո հնարավոր կլինի խոսել բավական լավ արդյունքի մասին։

Փոխնախարարի խոսքով՝ հացահատիկի ավելի բերքը, սակայն, չի ենթադրում գների նվազում։ «Ցորենի տարեկան ծավալները բավարար չեն բնակչության պահանջները ամբողջությամբ հոգալուն։ Տարեկան Հայաստան է ներկրվում 220-300 հազար տոննա ցորեն։ Մեր նպատակն է ցորենի արտադրությունը բարձրացնել 340-350 հազար տոննա համախառն բերքի, որը 60-70 տոկոսով կլուծի պարենային հարցը։ Սակայն ցորենի մասով ինքնաբավ պետություն դառնալու համար բալանսային հաշվեկշռով մեզ անհրաժեշտ է մոտավորապես 700 հազար տոննա ցորեն»,-ասաց Գալստյանը։ Փոխնախարարի համոզմամբ՝ մենք դեռ պատրաստ չենք նման ծավալների արտադրությանը։

Խոսելով ցորենի մթերման գներից՝ Գալստյանը նշեց, որ մթերող կազմակերպությունների կողմից բունկերային քաշով մեկ կիլոգրամը մթերվում է 150 դրամով, իսկ անցյալ տարի ցորենի մթերումը կազմակերպվել է 130-140 դրամով։

Հանրապետության ցածրադիր գոտիներում արդեն մեկնարկել է ցորենի բերքահավաքը։ 2011 թվականին Հայաստանում արտադրվել է 168 հազար տոննա ցորեն, 2012 թվականին՝ 243 հազար տոննա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում