Այս խմորը դեռ շատ ջուր է տանելու. վարչապետը՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին (տեսանյութ)

Այս խմորը դեռ շատ ջուր է տանելու. վարչապետը՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱյսօր կառավարության հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունն այս պահի դրությամբ, իր կարգավորումներով, որևէ արգելք որևէ երկրի քաղաքացու նկատմամբ հատուկ չի սահմանել: «Օդանավակայանում կառուցվում են համապատասխան նմուշառման կետեր: Դրանք մոտավորապես 20-ն են լինելու, ու այն քաղաքացիները, որոնք ցանկանան տեղում իրականացնել նմուշառում, ունենալու են այդ հնարավորությունը հենց օդանավակայանում»,- ասաց նա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե ԵԱՏՄ-ում հարցն արդեն պաշտոնապես են բարձրացրել, որպեսզի ուղևորափոխադրումների միասնական կանոնի վերականգնման սցենար հաստատեն: «Ոչ ԱՊՀ-ում, ոչ ԵԱՏՄ-ում չկա որևիցե կանոնավոր ուղևորափոխադրում թե ցամաքային, թե օդային ճանապարհներով, կա մի բացառություն՝ Ռուսաստան-Բելառուս ցամաքային ուղին է, որը այլ պատճառներով է կանոնավոր բաց, բայց ես կարծում եմ, որ ԵԱՏՄ գործընկերները պատրաստ են քննարկմանը, ու մենք ի վիճակի կլինենք, որ միասնական կանոնը սահմանենք այնպես, որ ինքը սիմետրիկ գործի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար»,- ասաց Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ուսուցիչները լայնածավալ թեստավորում են անցնում: «Մենք ուզում ենք դպրոցները բացել և չփակել»,- ասաց նա և նշեց, որ պետք է մաքսիմալ կանոնները պահել, որ այնպես չստացվի, որ դպրոցները բացվեն, հետո ստիպված լինեն կրկին փակել:

«Մեր փորձը ցույց տվեց, որ, ցավոք սրտի, խնդրել, աղաչել, պաղատելով չի ստացվում, մենք երկար ժամանակ ամեն օր խնդրում, աղաչում, պաղատում էինք ամենօրյա ռեժիմով, սակայն երբ դա չի ստացվում, պետք է վարչական միջոց կիրառվի»,– ասաց նա:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելացրեց, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի վտանգը օդում կախված է, իսկ վարչապետն ավելացրեց: «Երկրորդ ալիքի սպառնալիքը ոչ թե օդում կախված է, այլ երկրորդ ալիքը եվրոպական շատ երկրներում է, երկրներ կան, որոնք 4 ամիս առաջ հայտարարել են, որ հաղթահարել են, այսօր նորից համատարած կարանտինի ռեժիմի են վերադառնում: Այնպես որ, այս խմորը դեռ շատ ջուր է տանելու, և ես կարծում եմ, որ կորոնավիրուսի հետ կապված պատմություններից հետևություններ անելը շատ վաղ է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում