Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է հայ-ռումինական գործարար համաժողովի մասնակիցներին
Նմանատիպ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հուլիսի 12-ին ընդունել է Երևանում անցկացվող հայ-ռումինական գործարար համաժողովի մասնակիցներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Վեհափառ Հայրապետը, ողջունելով հայ և ռումին գործարարներին, կարևորել է նման համաժողովների անցկացումը’ նշելով, որ դրանք ոչ միայն ավելի են ամրապնդում երկու ժողով ուրդների բազմադարյա հարաբերությունները, այլև գործնականում նպաստում են երկրների միջև տնտեսական կապերի աշխուժացմանը և արդյունավետ համագործակցության հաստատմանը:
Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոսքում ընդգծել է Ռումինիայի հայ համայնքի և հայոց թեմի դերակատարությունը երկու ժողովուրդների բարեկամության զորացման գործում’ գոհունակություն հայտնելով նաև Ռումինիայի կյանքի տարբեր ոլորտներում հայորդիների բերած կարևոր ներդրումի համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայ Առաքելական և Ռումին Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերություններին, հովվապետերի փոխադարձ եղբայրական այցերին:
Վերջում Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով համաժողովի մասնակիցներին, հաջողություններ է մաղթել նրանց օգտաշատ նախաձեռնությանը’ ի բարօրություն երկու երկրների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում