Միչիգանի համալսարանի հայ ուսանողները 3000 դոլար են հավաքագրել սիրիահայերին օգնելու համար
Նմանատիպ
Սիրիահայերին օգնելու նպատակով Միչիգանի համալսարանի Հայ ուսանողների մշակութային միության անդամները 3 հազար դոլարի ֆինանսական օգնություն են հատկացրել Սիրիայի Հայ օգնության հիմնադրամին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, այս գումարը մասն է կազմել ամսվա սկզբին Սիրիայի օգնության և վերականգնման հայկական կոմիտեի հատուկ հաշվին փոխանցված 150 հազար դոլարի:
«Յուրաքանչյուր տարի մենք ընտրում ենք որևէ հայկական բարեգործական հիմնադրամ, ուր կարող ենք ուղղել մեր ստացած միջոցները և այս տարի որոշեցինք, որ հատկապես նպատակահարմար է աջակցություն ցուցաբերել Սիրիայի Հայ օգնության հիմնադրամին:
Այցելուների մեծ մասը Միչիգանի հարավարևելյան շրջաններից էին, սակայն մենք ունեինք հյուրեր անգամ Կալիֆորնիայից»,- նշել է Միչիգանի համալսարանի Հայ ուսանողների մշակութային միության նախագահ Էմիլի Հողիկյանը: Ուսանողները գումարը հավաքագրել էին ցուրտ եղանակին թխվածքաբլիթներ թխելով և վաճառելով, սակայն միջոցների զգալի մասը հավաքագրվել է Հայ ուսանողների մշակութային միության կազմակերպած ամենամյա բարեգործական երեկույթի ընթացքում’ տեղական ընկերությունների և առանձին անհատների նվիրաբերած առարկաների
խաղարկությունից:
Սիրիայի Հայ օգնության հիմնադրամի գործադիր կոմիտեի նախագահ (SARF) Զավեն Խանջյանը ողջունել և բարձր է գնահատել համալսարանի ուսանողների կոլեկտիվ ջանքերը’ օգնելու Սիրիայի հայ համայնքի անդամներին, ովքեր պայքարում են իրենց գոյատևման համար պատերազմի այս ծանր պայմաններին: Խանջյանը կոչ է արել բոլորին հետևել Միչիգանի ուսանողների օրինակին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում