Հայրիկյանի գործով դատական նիստում դատաձգաբանական փորձագետը պնդեց, որ չի տեսել երկրորդ վերքը

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով’ հուլիսի 12-ի դատական նիստի ժամանակ ցուցմունք տվեց դատաձգաբանական փորձագետ Արայիկ Ասլանյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փորձագետը նշեց, որ չի տեսել Պարույր Հայրիկյանի երկրորդ վնասվածքը և խոսել է’ հիմնվելով բժշկական փաստաթղթերի վրա: «Ես չեմ ցանկացել վնասվածքը ուսումնասի? ?ելու համար տեղաշարժել հիվանդին, որովհետև, այնուամենայնիվ, գործ ունեի մարդու առողջության հետ»,-ասաց փորձագետը’ ավելացնելով, որ չի տեսել Հայրիկյանի հագուստը, չի ուսումնասիրել այն և հետևաբար, չի կարող ասել, մարմնի վերքերը համապատասխանում են հագուստի վրայի անցքին, թե ոչ: Նրա տեղեկացմամբ’ փորձագետի առաջ նման խնդիր դրված չի եղել:

Արայիկ Ասլանյանը նշեց, որ զենքի վրա հայտնաբերված և Խաչատուր Պողոսյանի մատնահետքերի համընկման հարցը ինքը չի որոշում, սակայն ինքը հստակ կարող է ասել, որ տուժող Հայրիկյանի մարմնից հանած գնդակը կրակվել է տվյալ զենքից: Դատաձգաբանը ներկյայացրեց նաև, որ կրակոցը դուրս է եկել հին մոդելի «Նագան» տեսակի ատրճանակից, որում եղել են հին մոդելի փամփուշտներ: Հետևաբար հնարավոր է, որ զենքի կիրառման արդյունքում ցանկալի արդյունք չգրանցվի:

Ցուցմունք տվեց նաև դատական բժիշկ Վիգեն Ադամյանը, ով նշեց, որ Հայրիկյանի կրծքավանդակի վերքը տեսել է վիրահատարանում, երբ բժիշկը վիրակապը փոխելիս է եղել: Նա նույնիսկ չափել է վերքը, իսկ երկրորդ վերքն ընդհանրապես չի տեսել:

Դատական նիստի ժամանակ ամբաստանյալ, Էպոսագետ Վարդան Սեդրակյանի դատապաշտպան Ալեքսանդր Սիրունյանի կողմից փորձագետին ուղղված հարցերից Պարույր Հայրիկյանը նյարդայնանում էր: Նա հայտարարեց, որ այդ հարցերը չեն վերաբերում Վարդան Սեդրակյանին, իսկ պաշտպանը նշեց, որ, միանշանակ վերաբերում են, քանի որ Հայրիկյանը Սեդակյանից 42 միլիոն դրամ է պահանջում, իսկ ինքն ուզում է իմանալ, ինչի համար է այդ գումարը: Հայրիկյանը շեշտեց, որ ինքը 42 մլն-ը պահանջում է պատվիրատուից, և այն նույնիսկ կարող է 420 միլիոն դառնալ, Սիրունյանն էլ պարզաբանեց, որ այդ դեպքում միջնորդ? ?ւթյուն ներկայացնելիս այդպես գրեր, որ ավելի հասկանալի լիներ:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստերի ժամանակ դատարանը լսել է վկաներին և տուժող Պարույր Հայրիկյանին: Ցուցմունք են տվել նաև Հայրիկյանի ընտանիքի անդամները, հարևաններն ու մեղադրյալների հարազատները: Հունիսի 17-ին դատական հերթական նիստի ժամանակ ցուցմունք տվեց նաև ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը, ով, սակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Իսկ վերջին դատական նիստերի ժամանակ ամբաստանյալները հայտարարել են, որ Սեդրակյանը մահափորձի գործին որեւէ առնչություն չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում