Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի անդամներին
Նմանատիպ
ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման նոր շրջափուլի նախապատրաստման և աշխատանքների կազմակերպման շրջանակներում հուլիսի 7-13-ը Հայաստանի Հանրապետությունում էր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը:
Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում հուլիսի 9-ին խորհրդատվական խմբի անդամների հետ խորհրդակցոթյուն է անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Հանդիպման ընթացքում Տոնոյանը ներկայացրել է ՀՀ ՊՌՎ նոր շրջափուլի կազմակերման հարցում ՀՀ ՊՆ մոտեցումներն ու տեսլականը, հիմնական շեշտը դնելով վերանայման փուլերի, մեթոդաբանության և գործելակերպի առանձնահատկությունների հստակեցման անհրաժեշտության վրա: Նշել է, որ ՊՌՎ նախորդ շրջափուլի ընթացքում միջազգային գործընկերների տրամադրած խորհրդատվությունը ունեցել է լուրջ դերակատարություն վերջնական պլանավորման փաստաթղթերի մշակման գործում:
Միջազգային խորհրդատվական խմբ ի անդամները, ընդգծելով ՊՌՎ նախորդ շրջափուլի ընթացքում կատարված համատեղ աշխատանքների արդյունավետությունը, հույս են հայտնել, որ փոխգործակցության նույնանման մակարդակ կարձանագրվի նաև առաջիկա աշխատանքների ընթացքում:
Հուլիսի 12-ին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի անդամներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում խորհրդատվական խմբի անդամները ներկայացրել են նախորդ օրերին կատարված աշխատանքների արդյունքները’ պաշտպանության նախարարի դիտարկմանը հանձնելով ՊՌՎ կազմակերպման ճանապարհային քարտեզի նախնական տարբերակը՝ միջոցառումների կատարման պլան ժամանակացույցով:
Շնորհակալություն հայտնելով խորհրդատվական խմբին ցուցաբերած եռանդուն աջակցության համար, պաշտպանության նախարարը նշել է, որ ՊՌՎ-ն, հանդիսանալով պաշտպանության միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորման կարևորագույն բաղկացուցիչներից մեկը, ձեռք է բերել պարբերական բնույթ:
Նախարարն իր վստահությունն է հայտնել, որ համատեղ ջանքերով ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման հերթական գործընթացը կիրականացվի բարձր արդյունավետությամբ, որի արդյունքում կունենանք «ՀՀ զինված ուժեր – 2020» տեսլականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում