Հայաստանը ծրագրում է ընդլայնել առևտրական ներկայացուցիչների աշխարհագրությունը
Նմանատիպ
Հանրապետության առևտրական ներկայացուցիչների գործունեության շնորհիվ առաջիկայում Հայաստան կայցելի բելգիացի գործարարների պատվիրակություն, միտում կա աշխատանքները ակտիվացնել նաև Ռուսաստանի մարզերի և խոշոր քաղաքների հետ: Հայաստանի առևտրական ներկայացուցիչների այս եւ այլ աշխատանքների, այդ ոլորտում հետագա անելիքների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի հետ:
-Պարոն փոխնախարար, քանի՞ երկրներում ունենք առևտրական ներկայացուցիչներ, ի՞նչ գործառույթներ են դրանք իրականացնում:
-Առևտրական ներկայացուցչի և ներկայացուցչությունների համակարգն իրավական տեսանկյունից վերաձևավորվեց և նոր մոտեցումներով ամրագրվեց Հայաստանի իրավական համակարգում 2004-2005 թվականներին: Ստեղծվեցին առևտրական ներկայացուցիչների հաստիքներ մի քանի երկրներում: Ներկայումս մենք ունենք Եվրոպական Միությունում առևտրական ներկայացուցիչ՝ (նստավայրը’ Բրյուսել), ում հիմնական առաքելությունը Եվրոպական Միության կառույցների հետ տեղում առևտրատնտեսական հարցերին առնչվող խնդիրների լուծումն է: Բրյուսելում ՀՀ առևտրական ներկայացուցիչը ակտիվորեն ներգրավվա ծ է նաև Հայաստան-Բելգիա տնտեսական հարաբերությունների զարգացման հարցերում:
Մյուս առևտրական ներկայացուցիչը գործում է Ռուսաստանի Դաշնությունում (նստավայրը’ Մոսկվա): Գործունեության հիմնական ուղղություններն են’ ՌԴ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը խթանումն և առևտրային ծավալների ավելացմանն ուղղված գործունեության իրականացումը: Մասնավորապես’ Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններում առևտրատնտեսական դաշտին առնչվող հարցերի լուծմանը որոշակի աջակցության ցուցաբերումը:
Ունենք նաև Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Առևտրի Համաշխարհային Կազմակերպությունում (ԱՀԿ) /նստավայրը’ Ժնև/, ով զբաղվում է հիմնականում այս կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունից բխող և տեղում իրականացման ենթակա աշխատանքների կատարմամբ, ինչպես նաև, տեղակայված լինելով Շվեյցարիայում, ներգրավվում է Շվեյցարիայի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման գործընթացներին:
-Որքանո՞վ են առևտրական ներկայացուցիչները նպաստում Հայաստանում ներդրումների ներգրավմանը:
-Եթե վերցնենք երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դաշտը (ներառյալ նաև ներդրումների ներգրավմանն ուղղված աշխատանքները), ապա խնդիրները կարելի է բաժանել մի քանի խմբի: Կան աշխատանքներ, որոնք պետք է կատարվեն սեփական երկրի ներսում’ բարեփոխումների, ընթացակարգերի պարզեցման, բարենպաստ գործարար միջավայր և գրավչություն ապահովելու տեսանկյունից: Սակայն աշխատանքների մի կարևոր հատված անհրաժեշտ է լինում իրականացնել համագործակցության կողմ հանդիսացող երկրում և նույնիսկ այսօրվա տեխնոլոգիական զարգացման պարագայում անհրաժեշտ է տվյալ երկրում Հայաստանը ներկայացնող համապատասխան անձ ունենալ: Անձ, ով գիտակ է երկրի առաջնահերթություններից, տնտեսությունից, դրա պահանջներից, առևտրային օրենսդրությունից,վերջինի խնդիրներից:
Առևտրական ներկայացուցչի հիմնական պարտավորություններից է տեղում կազմակերպվող գործարար համաժողովներին մասնակցությունը և Հայաստանի գործարար միջավայրի ներկայացումը, մեր երկրով հետաքրքվող օտարերկրյա ընկերություններին համապատասխան տեղեկավության տրամադրումը, Հայաստանի հետ գործարար կապերի զարգացմանն ուղղված հնարավոր համատեղ (նաև օգտագործելով տեղի հայ համայնքի պոտենցիալը) գործարար կառույցների ստեղծմանը աջակցությունը, ցուցահանդեսների և այլ միջոցառումների մասին տեղեկատվության փոխանակումն ու դրանց մասնակցությանը աջակցությունը և ? ?յլն: Սրանք շարունակական այն միջոցառումներն են, որ ներկայացուցիչների կողմից իրականացվում են և հանդիսանում են իրենց ամենօրյա աշխատանքի մասը: Մեծ նշանակություն ունեն նաև տեղի հայ համայնքի հետ առևտրական ներկայացուցիչների արդեն իսկ ստեղծված կապերը:
Ինչ վերաբերում է ներկայացուցիչների կողմից իրենց գործառույթների կատարմանը, ապա ես միանշանակ դրական պետք է գնահատեմ կատարվող աշխատանքը. եթե վերցնենք վերջին տարիների ընդհանուր պատկերը, մենք կտեսնենք, որ վերոհիշյալ բոլոր ուղղություններում ընդհանուր առմամբ ունենք հարաբերությունների բարելավում և զարգացում:
-ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալներով 2012 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նվազել է ավելի քան 10 տոկոսով: Բայց, միևնույն ժամանակ, աճ է նկատվել այնպիսի երկրների դեպքում, ինչպիսին են Բելգիան, Շվեյցարիան, Արգենտինան: Կարո՞ղ ենք ասել, սակայն, որ Հայաստանն իր բիզնես գրավչությունը կորցնում է օտարերկրյա ներդրողների համար:
-Այստեղ խնդիրը պետք է դիտարկել և´ գլոբալ, և´ երկրի կտրվածքով: Տեղյակ եք, որ վերջին տարիներին բավական գործընթացներ են տեղի ունեցել, որոնք վերաբերում են երկրի ներսում գործարար միջավայրի բարելավմանը, ընթացակարգերի պարզեցմանը, էլ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելուն: Դրա վերաբերյալ կան միջազգային կառույցների գնահատականներ, ցուցանիշներ և այլն: Արդյո՞ք, գործարար միջավայրի բարելավումը միակ անհրաժեշտ պայմանն է ներդրումների հոսքի ավելացման համար: Դա շատ կարևոր և թերևս պարտադիր պայման է, բայց դեռևս ամբողջը չէ: Կան այլ դաշտերում անե լիքներ նույնպես, որոնք կբերեն ներդրումների ավելացմանը և կապահովեն անհրաժեշտ նախադրյալներ դրանց կայուն աճի համար: Այստեղ թերևս հարցը պետք է դիտարկել նաև յուրաքանչյուր ոլորտի համար առանձին, քանի որ ներդրումային գրավչությունն ու իրավիճակը տարբեր ոլորտներում կարող է էապես տարբեր լինել:
Ինչ վերաբերում է վերջին տարվա ընթացքում արտաքին ներդրումների նվազմանը, այստեղ մենք պետք է ներդումների կառուցվածքն ուսումնասիրենք: Նախորդ տարիներին հեռահաղորդակցության, տրանսպորտային, էներգետիկ ոլորտներում մի քանի խոշոր ներդրումային ծրագրերով պայմանավորված, օտարերկրյա ներդրումների թվային տվյալները զգալի են եղել: Բայց տրամաբանական է, որ նմանատիպ ենթակառուցվածքային ներդրումները իրենք որպես այդպիսին անընդհատ շարունակական չեն լինում: Օրինակ, Օրանժի մուտքը հայկական հեռահաղորդակցման շուկա բերեց ներդրումների նկատելի աճի: Բնական է, որ որոշակի ժամանակահատվածում ներդրումներ կատարելուց հետո, ձեռնարկությունն անցնում է բնականոն աշխատանքային գործընթացի և նույն տեմպերով ներդրումները չեն շարունակվում:
Որոշակի չափով կա նաև համաշխարհային տնտեսության իրավիճակի ազդեցությունը: Ճգնաժամի արդյունքում համաշխարհային շուկայում դեռևս առկա է օտարերկրյա ներդրումների իրականացման որոշակի զսպվածություն, ինչն իր հետևանքը թողնում է նաև Հայաստանի պարագայում: Այստեղ թերևս ամենանկատելին շինարարության ոլորտն է, որտեղ, ինչպես գիտենք, եղել է զգալի ֆինանսական ներհոսք արտերկրից:
Ինչ վերաբերում է նշված երկրներին, ապա կցանկանայի օրիկնակներով խոսել: Հայաստան-Բելգիա երկկողմ համագործակցության շրջանակներում վերջին տարիներին կազմակերպվեցին մի քանի գործարար համաժողովներ, մինչև 40-50 հոգանոց պատվիրակաությունների այց Հայաստան’ ներդրումեր կատարելու, առևտրային հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով: 2009թ. գործակվեց ArmenWal ծրագիրը, որի նպատակն է կազմակերպել Հայաստանի և Բելգիայի Վալոնական հատվածը ներկայացնող գործարարների համագործակցությունը նախապես ընտրված ոլորտներում: ArmenWal ծրագիրն ունի շարունական բնույթ և ար? ?են իսկ իրականացվել է 4-5 գործարար այց Հայաստան:
Մեկ օրինակ ևս. 2011թ. նոյեմբերին Երևանում կազմակերպվեց «Բելգիական շաբաթ Հայաստանում» խորագրով գործարար համաժողով, որին մասնակցել են երկու տարբեր պատվիրակություններ’ Բելգիայի ֆլամանական և վալոնական մասի գործարար հատվածի ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ, Բելգիայից մասնակցում էին մոտ 60 գործարար, տեղի ունեցավ 120-ից ավելի ուղղակի հանդիպումներ հայ գործարարների հետ և այլն:
Բնական է, որ նման հետաքրքրություն բելգիացի գործարարների շրջանում հնարավոր չէր լինի ապահովել առանց Բրյուսելում մեր դեսպանի և առևտրական ներկայացուցչի կողմից տարված ծավալուն և հետևողական աշխատանքի:
Հավելեմ նաև, որ այս տարի ևս նախատեսվում է բելգիական գործարարների այց Հայաստան: Նրանց շարքերում կլինեն նաև նոր գործարարներ:
-Քանի որ առևտրական ներկայացուցչի գործառույթների մեջ է մտնում նաև արտաքին շուկայի ուսումնասիրությունն ու հայ գործարարներին արտահանման հարցերում օգնություն ցուցաբերելը, ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ և որքանո՞վ է դա օգտաբեր հայ գործարարների համար:
-Մեր խնդիրն է օգնել տեղական կազմակերպություններին իրենց ապրանքների արտահանումն ավելացնելու գործում: Այս հարցում ես կառանձնացնեի երկու հիմնական ուղղություն’ աշխատանքը միջպետական հարաբերությունների և առևտրի ռեժիմների բարելավման, տեխնիկական խոչընդոտների նվազեցման ուղղությամբ և երկրորդը’ ուղղակի աջակցություն Հայաստանի գործարարին արտաքին շուկա ավելի դյուրին մուտք գործելու հարցում:
Առաջին մասով լուրջ արդյունքներ ունենք արտոնյալ առևտրային ռեժիմների ձևավորման ոլորտում՝ ազատ առևտրի համաձայնագրեր, արտոնյալ առևտրային ռեժիմների համակարգերում ընդգրկում (GSP, GSP+) և այլն: Ներկայումս աշխատանքներ են տարվում ոչ տարիֆային կարգավորման բնագավառում (սննդի անվտանգության հարցերի, տեխնիկական կանոնակարգման և ստանդարտներին առնչվող խնդիրների, ինչպես նաև այդ երկրներում մաքսային վարչարարությանը առնչվող հարցերի լուծման առումով և այլն): Բոլոր դեպքերում, անհրաժեշտության պարագայում, առևտրական ներկայացուցիչները պարտադիր ակտիվորեն ? ?նդգրկվում են տեղում այս հարցերի քննարկման աշխատանքներին:
Գործարարին արտաքին շուկա մտնելու հարցում օժանդակելու վերաբերյալ կցանկանայի բերել Ռուսաստանի օրինակը. ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչի ջանքերի շնորհիվ էր նաև, որ հնարավոր եղավ ստեղծել մշտապես գործող տաղավար Մոսկվայի ցուցահանդեսային Կենտրոնի տարածքում, որտեղ գործում է հայկական ապրանքների մշտական ցուցահանդես-վաճառք: Հիմնական խնդիրը ոչ թե տեղում ապրանքը վաճառելն է, ինչը ևս հնարավոր է, այլ տաղավարի հիմնական առաքելությունը հայկական կազմակերպություններին հնարավորություն տալն է մատչելի պայմաններով և շարունակական սկզբունքով ներկայա նալ ռուսական պոտենցիալ գնորդին: Տաղավարը գործում է տարիներ ի վեր, և 100-ից ավել հայկական կազմակերպություններ մշտապես ներկայացված են այնտեղ:
-Խոսեցիք ցուցահանդեսների, բիզնես-ֆորումների մասին, առաջիկայում սպասվու՞մ են նման միջոցառումներ, որոնց Հայաստանը կմասնակցի:
– Ինչպես արդեն նշեցի, հուլիսին նախատեսվում է բելգիական պատվիրակության այցը Հայաստան: Մենք Բելգիայում ունենք մեր և Բելգիայի հայ համայքի աջակցությամբ ստեղծված Հայ-բելգիական առևտրական պալատը, որը գործում է Բրյուսելում, բավականին ակտիվ է և համագործակցում է մեր դեսպանության և առևտրական ներկայացուցչի հետ: Վերջերս բացվել է Հայ-բելգիական առևտրական պալատի մասնաճյուղը Լյուքսեմբուրգում: Այս տարի սեպտեմբերի 19-ին նույնպես կանցկացվի գործարար համաժողով, որի նպատակն է բելգիական գործարար աշխարհին ներկայացնել Հայաստանի ներդրումային միջավայր? ? և վերջին շրջանի զարգացումները:
Ռուսաստանի պարագայում նման շփումներն ավելի ծավալուն են և համագործակցության խորության աստիճանը շատ ավելին է: Այստեղ աշխատանքն ամենօրյա բնույթի է, միտում կա աշխատանքները ակտիվացնել նաև Ռուսաստանի մարզերի և խոշոր քաղաքների հետ: Օրերս մեր ներկայացուցիչը մեկնել էր Սանկտ Պետերբուրգ’ տեղի իշխանությունների հետ քննարկելու, թե ինչպես կարելի է ստեղծել բարենպաստ պայմաններ այնտեղ մեր տեղական արտադրանքը առավել կազմակերպված ներկայացնելու համար: Ընդհանուր առմամբ’ սա ամենօրյա աշխատանք է, որը պետք է կատարել հետևողականորեն և շարունակական’ անհրաժեշտ արդյունքների հասնելու համար:
-Արդյոք աշխատանքներ տարվո՞ւմ են, որ այլ երկրներում նույնպես ունենանք մեր ներկայացուցիչները: Կա՞ն գործնական քայլեր և կարո՞ղ եք նշել երկրներ, որտեղ առաջիկայում կունենանք առևտրական ներկայացուցիչներ:
-Մենք այդ ուղղությամբ քննարկումներ ունեցել ենք: Թե´ մեր, թե´ միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս համակարգը շատ կարևոր և արդյունավետ է, և այդ առումով ճիշտ կլինի առևտրական ներկայացուցիչների աշխարհագրության ընդլայնումը: Երկրներն ընտրելիս մենք հիմնվում ենք այն սկզբունքի վրա, թե որ երկրների հետ մենք ունենք արտաքին առևտրի էական ցուցանիշներ, ներդրումային գործընթաց և, որ ամենակարևորն է, որոնց հետ է առկա պոտենցիալ’ շատ ավելին անելու համար: Պետք է միաժամանակ նշեմ, որ այս ամենը կախված է նաև պետական բյուջեից, ֆինանսական հատկացումներից:
Այս պահին ձեռնպահ կմնամ որոշակի ժամկետներ և երկրներ նշելուց, բայց, ընդհանուր առմամբ, այս հարցը ներկայում ևս օրակարգում է, և հուսով եմ, որ հնարավոր կլինի մոտ ապագայում որոշակի առաջընթաց ունենալ նաև առևտրական ներկայացուցիչների աշխարհագրության ընդլայնման առումով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում