ԿԸՀ արտահերթ նիստում հայտնի կդառնա Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ընտրությունների անցկացման օրը
Կարդացեք նաև
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 15-ին’ ժամը 18:30-ին, արտահերթ նիստ կգումարի: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, այսօր կորոշվի Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրություն նշանակելու օրը: «Նիստում կքննարկվի նաև ընտրության նախապատրաստական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու հարցը: Մյուս երեք հարցերը վերաբերում են ՏԻՄ ընտրություններին երեք համայնքներում»,-ասաց Հարությունյանը:
Նա նշեց, որ կքննարկվի քաղաքացի Լուսինե Պետրոսյանի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված դիմում- բողոքը: Բացի դրանից, Երևան քաղաքի թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում առաջացել է մեկ թափուր տեղ, որը համալրելու համար թեկնածուների դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով հուլիսի 12-ից մինչև հուլիսի 15-ը, մինչև ժամը՝ 18:00-ն:
ՀՀԿ -ական պատգամավոր Վահե Հակոբյանի’ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո պատգամավորի նրա տեղը թափուր է մնացել: Ավելի վաղ, «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նշել էր, որ ՀՀԿ-ն դեռևս չի քննարկել, թե ում թեկնածությունն է առաջադրելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում