Ադրբեջանը վտարյալ պետություն է, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե. Արցախի ԱԳՆ
Կարդացեք նաև
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը խախտելու վերաբերյալ։
Հայտարարությունում ասվում է.
«Խստագույնս դատապարտում ենք մարդասիրական նպատակներով զոհվածների և ռազմագերիների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների Ադրբեջանի ուխտադրուժ խախտումը։ Հատկապես աղաղակող է այն փաստը, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հարձակում է ձեռնարկել մարդասիրական հրադադարի շրջանակներում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց անմիջապես հետո։ Իր գործողություններով Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե։
Այսօրվա ուխտադրուժ հարձակումը համոզիչ կերպով վկայում է, որ Ադրբեջանը բանակցությունները դիտարկում է բացառապես որպես քողարկում՝ ռազմական գործողություններին պատրաստվելու համար։ Ստեղծված իրադրությունում միջազգային հանրությունը վտարյալ պետությանը կարող է կանգնեցնել միայն մեկ ճանապարհով՝ Արցախի Հանրապետության ճանաչմամբ, ինչն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ կապահովի՝ խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու ինչպես մեր հանրապետության, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»։
Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում հանդիպել էին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։ Հանդիպումից հետո արտաքին գործերի նախարարները հանդես էին եկել հայտարարությամբ, մասնավորապես նշելով, որ 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
Արցախի Հանրապետության ՊԲ-ից հայտնել էին, որ ի կատարումն հոկտմբերի 9-ին Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության՝ ՊԲ ստորաբաժանումներին հրամայվել է դադարեցնել կրակը։ Սակայն, ըստ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի, անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում