Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Վրաստանի եկամուտների ծառայությունը պաշտոնապես հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի տարածած ապատեղեկատվությունն այն մասին, թե Հայաստանի ուղղությամբ ռազմական բեռի տեղափոխման դեպք է կանխվել, տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունից «Կազբեգի» մաքսային անցակետ մուտք է գործել այլ երկրի քաղաքացու կողմից վարած՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարը:
Մաքսային ծառայողների կողմից ռիսկի գնահատման և վերլուծության հիման վրա, որոշակի չափանիշներից ելնելով, տվյալ տարանցիկ բեռը ենթարկվել է մաքսային վերահսկողության համապատասխան ընթացակարգերի:
Ընդ որում, հետագա մաքսային վերահսկողության շրջանակներում ապրանքի փաստաթղթերի, կամերային ստուգման և ապրանքի վիզուալ զննության արդյունքում որևէ ռազմական նշանակության բեռ չի հայտնաբերվել, և, համապատասխանաբար, օրինախախտման դեպք տեղի չի ունեցել:
Նշված փոխադրամիջոցի կողմից Վրաստանի մաքսային սահմանի հատումը հաստատվել է, և այն շարունակել է շարժվել դեպի հաջորդ նպատակակետը»,- ասված է Վրաստանի եկամուտների ծառայության տարածած հաղորդագրությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում