Շուշիում վիրավորված լրագրող. Ինձ տեղափոխել է սարկավագն ու աղոթել ինձ համար
Կարդացեք նաև
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում Ադրբեջանի կողմից սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորված ռուսաստանցի լրագրող Յուրի Կոտենոկը գտնվում է կայուն ծանր վիճակում։ Վեստի.ռու-ն գրում է, որ նա գտնվում է Երևանում բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունքում։ Աjն մասին, թե ինչ է տեղի ունեցել, լրագրողը պատմել է «Ռոսսիա» հեռուստաալիքին։
Նրա խոսքով, իրենց խմբում երեք հոգի են եղել։ Պայթյունը տեղի է ունեցել իրենցից մի քանի մետր հեռու, լրագրողը մնացել է փլատակների տակ, բայց գիտակցությունը չի կորցրել։
«Շատ դժվար էր շնչել, նախորդ հարվածների փոշին շատ էր: Ես սկսեցի ձայներ արձակել, ինձ անմիջապես դուրս բերեցին: Ինձ տեղափոխել է սարկավագն ու աղոթել ինձ համար, որպեսզի ուշագնաց չլինեմ։ Բոլորին շատ շնորհակալ եմ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորվել էր 3 ռուսաստանցի լրագրող։ Երեկ «Ռոսսիա» հատուկ ավիացիոն ջոկատի ինքնաթիռով Երևանից Մոսկվա էին տեղափոխվել վիրավորված ռուսաստանցի լրագրողները, բացի Կոտենոկից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում