Հակառակորդի ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդի ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին. Արծրուն Հովհաննիսյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ադրբեջանական զինուժը թուրքական F-16 կործանիչների օգնությամբ հարվածային անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ որոշ տեղերում պահպանվել է համեմատական հանգիստ վիճակ, մեծ տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակ չի վարվել, սակայն լիարժեք հրադադարի ռեժիմի պահպանում չի իրականացվել, որը թույլ կտար դիակների և գերիների փոխանակում:

«Օրվա ընթացքում մենք հայտարարել ենք, որ թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները, մասնավորապես՝ օդային ղեկավարման կետերի կառավարմամբ 6 միավոր թուրքական F-16 կործանիչների պատսպարմամբ մարտական ԱԹՍ-ները՝ իսրայելական և թուրքական արտադրության, հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին և զինված ուժերին: Այդ գործողությունները կասեցվում են պաշտպանության ուժերի ՀՕՊ ուժերի կողմից»,– ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այսօր ադրբեջանական կողմից հնչեցվել են կեղծ հայտարարություններ, թե հայկական զինված ուժերը ևս խախտում է հրադադարը և կիրառում մեծ տրամաչափի զինատեսակներ՝ հարվածելով ադրբեջանական կողմին, սակայն այդ լուրերը կեղծ են և պաշտոնապես հերքվել են: Նրա խոսքով՝ այդ կերպ Ադրբեջանը նորից փորձում է սադրանքի հիմքեր ստեղծել իր հետագա գործողություների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում