«Փաստ». Թուրքիայի ագրեսիվ նկրտումները
Նմանատիպ
«Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունները և լայնածավալ էսկալացիան տարածաշրջանային լուրջ զարգացումներ են ենթադրում: Եվ այստեղ իր մտահոգիչ դերակատարությունն ունի Թուրքիան, որը շահագրգռված է անկայուն իրավիճակի պահպանմամբ: Թուրքիան ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վրա՝ մարտահրավեր նետելով Ռուսաստանին, քանի որ տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը համարվում է ռուսական շահերի ազդեցության գոտի:
Իր սահմաններից դեպի արևելք թուրքական ակտիվությունը նոր երևույթ չէ: Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1990-ական թվականներին, լայն հնարավորություններ բացվեցին Թուրքիայի համար հետխորհրդային տարածքում որոշակի դերակատարություն ստանձնելու հարցում, որը հիմնականում դրսևորվեց հետխորհրդային թյուրքալեզու հանրապետությունների հետ համագործակցության խորացմամբ և թուրքական ազդեցության տարածման տեսքով: Եվ պատահական չէ, որ 1992թ. փետրվարին Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը հայտարարում էր, որ Խորհրդային Միության փլուզումը «հսկայական թյուրքական աշխարհի» սկիզբն է, որը ձգվելու է «Ադրիատիկ ծովից մինչև Չինական մեծ պատը»: Իսկ 1992թ. հոկտեմբերին Անկարայում Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը և վարչապետ Սուլեյման Դեմիրելը կազմակերպեցին թյուրքախոս երկրների առաջին գագաթաժողովը, որին մասնակցում էին Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները:
Թուրքիայի ղեկավարության նախաձեռնությամբ թյուրքախոս երկրների գագաթա- ժողովների անցկացման պրակտիկան շարունակվեց նաև հետագայում: 1992 թվականից մինչև 2010 թվականը թյուրքական երկրների գագաթաժողովներ են կազմակերպվել մոտ տասն անգամ, որոնց հիմնական արդյունքներից մեկը եղավ 2009 թվականին թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի ստեղծումը:
Գագաթաժողովների և թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի շրջանակում մասնակից երկրները փորձում են տարբեր հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել, շոշափվում են նաև անվտանգային ու քաղաքական խնդիրները, այդ թվում՝ Արցախյան հիմնախնդիրը: Հետաքրքրական է, որ նշյալ խորհրդի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովը անցյալ տարվա հոկտեմբերին տեղի ունեցավ հենց Բաքվում:
Համաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարություն արեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ապահովելու և այդ երկրին աջակցելու պատրաստականության մասին, իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևն իր ելույթում նշեց, թե «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»:
Իրենց այս պանթուրքական ծրագրերի իրականացման հարցում Թուրքիան և Ադրբեջանը արդեն խոսքից գործի են անցել, և պարզ է, որ հարցը միայն Արցախով չի սահմանափակվելու: Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի այսպիսի պլաններն ուղղված են ոչ միայն Հայաստանի ու Արցախի դեմ, այլև նպատակ են հետապնդում Ռուսաստանին ուղղակի դուրս մղել տարածաշրջանից:
Պատահական չէ, որ Ռուսաստանը ձգտում է ցույց տալ, որ հակամարտության գոտում առաջնային խաղացողն ինքն է, և միջնորդում է, որպեսզի հայկական ու ադրբեջանական կողմերի միջև հրադադար հաստատվի և պահպանվի, իսկ Թուրքիան Ադրբեջանին մղում է հրադադարի խախտմանն ու ռազմական գործողությունների վերսկսմանը: Թուրքիայի ագրեսիվ նկրտումները այնպիսի պայմաններ են ստեղծում, որ Ռուսաստանը կոշտ քայլերի դիմի:
Եվ իրավիճակն իսկապես պահանջում է, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը գործի ողջ ներուժով, որի դեպքում հնարավոր կլինի զսպել և Հարավային Կովկասից դուրս մղել Թուրքիային: Սրա անհրաժեշտության մասին սկսել են խոսել նաև ռուսական փորձագիտական շրջանակները, որն իր բանաձևումն է գտել ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովի այն բնորոշման մեջ, որ եթե չեն ցանկանում լսել Լավրովին, ստիպված կլինեն լսել Շոյգուին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում