Մարտունի քաղաքը հրադադարից հետո անգամ ամեն օր հրթիռակոծվում է. ТАСС-ի անդրադարձը՝ Արցախից (լուսանկարներ)

Մարտունի քաղաքը հրադադարից հետո անգամ ամեն օր հրթիռակոծվում է. ТАСС-ի անդրադարձը՝ Արցախից (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԼեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության արևելքում գտնվող փոքր Մարտունի քաղաքը, որը 5 կմ հեռավորության վրա է ռազմաճակատից, հրադադարի հայտարարումից հետո անգամ ամեն օր հրթիռակոծվում է. շատ բնակիչներ հեռացել են, մյուսները թաքնվում են նկուղներում, և միայն ամենահամարձակներն են երբեմն մի քանի րոպեով փողոց դուրս գալիս: Այսպես է սկսվում ռուսական ТАСС գործակալության թղթակցի հոդվածն Արցախում ընթացող ռազմական գործողությունների և դրանց ընթացքում հայկական բնակավայրերի հրետակոծման վերաբերյալ:

«Լրագրողները մոտենում են տեղի համայնքապետարանին, դուրս են գալիս մեքենայից, թաքնվում մուտքի մոտ եղած ծառերի տակ կամ ներս մտնում, որպեսզի ԱԹՍ-ները բաց տեղանքում մարդկանց կուտակումներ չֆիքսեն: Համայնքապետարաի շենքի պատուհանները կոտրված են, հավանանաբար՝ պայթյունների ալիքներից, երբ հրետակոծվել էր հարևանությամբ գտնվող մշակույթի տան շենքը:

Մշակույթի տան պատուհանները ևս վնասված են, իսկ պատերի վրա բեկորների բազմաթիվ հետքեր կան: Շենքի ներսում պայթյունի հետևանքով խառնաշփոթ է առաջացել, բայց պատերից մինչև հիմա մանկական նկարներ են կախված, և դրանք պատերազմի մասին չեն: Իսկ մոտակայքում չեն դադարում լսվել արկերի պայթյունների ձայները:

Մարտունիի քաղաքապետը լրագրողներին պատմում է, որ բառացիորեն րոպեներ առաջ հակառակորդը հրետանիով քաղաքին է հարվածել, և որ կրակը բնակավայրի ուղղությամբ հրադադարի հայտարարումից հետո ամեն օր էլ շարունակվում է:

«Մեր ուղղությամբ անօդաչուներ են աշխատում, «Գրադներ», «Սմերչեր», «Ուրագաններ», անգամ՝ ավիացիոն հարվածներ եղան: Հենց նոր դպրոցին հարված եղավ: Շնորհիվ նրա, որ բնակչությունը հիմնականում հեռացել է կամ թաքնվել նկուղներում, այսօր ոչ ոք չի տուժել»,- պատմում է համայնքապետը:

Քաղաքապետի փոխանցմամբ՝ կոնֆլիկտի էսկալացիայից հետո Մարտունի քաղաքում 5 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 10-ը վիրավորվել է. հենց առաջին օրը 10-ամյա աղջիկ է զոհվել, ևս 2 երեխա վիրավորվել էր:

«Քաղաքը դատարկ է, միայն երբեմն մեծ արագությամբ թեթև բեռնատար ավտոմեքենաներ են սլանում. ամեն վարորդ ուզում է հնարավորինս արագ հասնի նպատակակետին ու նկուղ վերադառնա:

Ապաստարաններում թաքնված կանայք վերև չեն բարձրանում գրեթե, տղամարդիկ երբեմն բարձրանում են, որպեսզի իրենց տունն ու ունեցածը ստուգեն: Իսկ տան տերերից մեկը, չնայած վտանգին, լրագրողներին իր տուն է հրավիրում, հենց դույլից դույլից նաժակով գինի է լցնում, խաղողի վազը պոկում ու հյուրերին առաջարկում: Իսկ դրանից հետո նրանց այգի ուղեկցում ու արկի մնացորդները ցույց տալիս:

Մեկ այլ բնակիչ էլ, ռմբակոծված տան մոտ կանգնած, պատմում է լրագրողներին. «Տեսեք, արկը հենց այս տան վրա ընկել երեկ չէ առաջին օրը, 75-ամյա ծերունի մահացավ»:

Երբ քաղաքում մնալն արդեն խիստ վտանգավոր է դառնում, լրագրողները հեռանում են, իսկ նրանց բնակիչները ավանդական «հաջողություն» ու «զգույշ եղեք» բառերով են ճանապարհում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 15-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ, 180 անօդաչու թռչող սարք, 546 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում