Արա Պապյանը Մինսկի խմբի երկրներից ակնկալում է արգելել հարձակվողական զենքերի վաճառքը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը սպառել է իրեն, սակայն չկա այլընտրանք, քանի որ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի’ «Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի Հայաստանի դեմ…» հայտարարությանը։ «Գնալով ադրբեջանական հայտարարությո ւնները դառնում են ավելի կոշտ։ Դրանք արվում են ոչ միայն պաշտպանության նախարարության, այլ նաև նախագահի մակարդակով։ Սակայն եթե Աբիևի հայտարարության մեջ խոսքը գնում է ադրբեջանական տարածքների մասին առանց հստակեցման, ապա Ալիևը խոսում է Երևանի կամ Իրիվանի խանության և Զանգեզուրի մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Պապյանը։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ կոնֆլիկտն այս հարցերի շուրջ թևակոխում է նոր փուլ, և ինչքան էլ փորձում ենք ցույց տալ, որ հակամարտությունը Ղարաբաղ-Ադրբեջան հարթության վրա է, վերջին դեպքերը ցույց են տալիս, որ սա ընկալվում է որպես հայ-ադրբեջանական հակամարտություն։

Խոսելով պատերազմի հավանականության մասին՝ Պապյանն ասաց, որ Ադրբեջանը չի կարող ռազմական և քաղաքական գերակշռություն ունենալ։ Սակայն նա 2014 թվականը համարեց ամենավտանգավոր շրջանը Հայաստանի համար։ «Մենք վստահաբար պատերազմում չենք պարտվի, պարզապես հնարավոր պատերազմը ծանր հետանքներ կունենա ինչպես պատերազմող կողմերի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։ Հետևաբար, հարցի լուծումը պետք է լինի խաղաղ ճանապարհով։ Կարծում եմ, Մինսկի խմբի երկրները ևս իրենց ջանքերը պետք է գործադրեն հատկապես արգելելու հարձակվողական զենքերի վաճառքը», -ասաց Պապյանը։ Նա նշեց, որ հարկավոր է հաշվի առնել նաև այն, որ «Բրիթիշ Պետրոլիում»-ը նախատեսում է նոր գազամուղի կառուցում և շատ ավելի մեծ ծավալի գազի ներկրում դեպի եվրոպական շուկա։ «Երբ «Բրիթիշ Պետրոլիում»-ը ներդրումներ անի գազամուղի կառուցման մեջ, հետևաբար շահագրգռված չի լինի պատերազմի»,-հավելեց Պապյանը։

Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Մինսկի խմբի համանախագահները (ռուսաստանցի Իգոր Պոպով, ամերիկացի Իեն Քելլի եւ ֆրանսիացի Ժակ Ֆոր) պարբերաբար այցելում են տարածաշրջան, հանդիպումներ են ունենում Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի ղեկավարության հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ԼՂ հակամարտության վերաբերյալ հատուկ հայտարարություն են ընդունել հունիսի 18-ին՝ կողմերին կոչ անելով ակտիվացնել ջանքերը ԼՂ հիմնախնդրի լուծման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում