Բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց են հավաքվել քաղաքացիներ, նրանք վանկարկում են՝ «Հեռացեք, մի լռեք թուրք-ադրբեջանական հանցագործությունների մասին»:
Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ թուրք ղեկավարները ամեն հայ զինվորի գլխատման համար ահաբեկիչներին հավելյալ 100 դոլար են ծխոստացել: Նրանց խոսքով՝ Եվրոպայում գլխատված մեկ անձի համար ամբողջ աշխարհը ցավակցական ուղերձներ է հղել, իսկ Արցախում ահաբեկիչներն անում են այն, ինչ ցանկանում են և գլխատում հայ զինվորներին:
«Գերեվարվածները հայտարարում են, որ իրենց հրահանգ է տրված ոչնչացնել բոլոր գյուղերի խաղաղ բնակչությանը՝ ծեր, կին, թե երեխա, իսկ դուք այսօր լռում եք, ինչի՞ համար եք լռում: Դուրս եկեք մեր երկրից, մերժում ենք ձեզ: Այսօր պատերազմական հանցագործություն են իրականացնում Թուրքիան և Ադրբեջանը՝ ֆոսֆորային քիմիկան զենք են կիրառում հայերի նկատմամբ, իսկ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչը նյութը դնում է իր Ֆեյսբուքյան էջում՝ այն էլ փակ, մի քանի ընկերների համար: Դա դարի խայտառակաությունն է, ես ասում եմ՝ ամոթ, որ մեր հողում գտնվելով՝ աչք եք փակում մեր խնդրի վրա»,- նշեց ակցիայի մասնակիցը:
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու համար Ռուսաստանի դեմ կիրառեցին տարբեր պատժամիջոցներ, իսկ սահմանում զոհված հայ զինվորի և պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ գոնե մեկ պատժամիջոց չի կիրառվել: Նրանք նշում են՝ դադարեք կեղծ լինելուց, խոսեք:
Ակցիայի մյուս մասնակիցը հիշեցնում է, որ թշնամին հայերի դիակներն անարգում է, խոշտանգում, որը պատերազմական հանցագործութուն է, և ՄԱԿ-ի լռությունը ևս մեկ զոհի պատճառ է. «Այս կառույցին չի ներվելու մեր զինվորների մահը, այն պետք է տա բոլոր հարցերի պատասխանները: Մենք պահանջում ենք, որ նա արձանագրի Արցախում կատարված բոլոր պատերազմական հանցագործությունները: Մենք մնալու ենք այստեղ այնքան ժամանակ, մինչև դեսպանը իմանա, որ իր առաքելությունը սահմանված կարգով խնդիրն արձանագրելն է և ՄԱԿ-ի ասամբլեային տեղեկացնելը»:
Ակցիայի մասնակիցներին ՄԱԿ-ի գրասենյակից տեղեկացրին, որ գրասենյակում աշխատակիցներ չկան, միայն տեխնիկական աշխատակիցներն են և մաքրուհիները:
Ակցիայի մասնակիցները որոշեցին փակել ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը, մինչև գրասենյակի ղեկավարը՝ Շամբի Շարփը, չհանդիպի իրենց հետ:
«Չենք գնալու, մինչև նրանք դուրս գան, փակելու ենք բոլոր մուտքերը, որ գրասենյակից ոչ մեկը դուրս չգա: Պատրաստ ենք օրերով այստեղ նստել, որովհետև զինվորը օրերով չի քնում, մենք թիկունքի մարտիկներն ենք և կմնանք այստեղ, մինչև մեզ չհանդիպեն և չլսեն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում