Վիրավոր զինվորին օգնության շտապող բժիշկը զոհվել է թշնամու գնդակից

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: «Ռազմական բժիշկները պատերազմի առաջին օրից ռազմաճակատում են՝ ծառայում են կրկնակի երդման ներքո՝ զինվորական և Հիպոկրատի: Ստանալով բժշկի մասնագիտություն և կրելով զինվորական համազգեստ Սաշա Ռուստամյանն այն նվիրյալներից է, ով զոհվեց մասնագիտական պարտքը կատարելիս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Նա նշել է, որ բուժանձնակազմն առաջնագծից վիրավոր զինվոր տեղափոխելու ճանապարհին հանդիպելով հայկական զինվորական համազգեստով խմբի՝ նա կանգ է առել՝ օգնություն ցույց տալու նպատակով.
«Սաշա Ռուստամյանը շտապօգնության մեքենայից առաջինը դուրս գալով հայտնվել է ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական դիվերսիոն խմբի կրակահերթի տակ: Օգնության շտապող, կոչումով բժիշկը զոհվում է թշնամու նենգ գնդակից, իսկ հակառակորդի կրակի տակ հայտնված շտապօգնության մեքենան գլորվում է ձորը:
Սաշա Ռուստամյանի առաքելությունն անավարտ չի մնում. չնայած ստացած բազմաթիվ վնասվածքների՝ վիրավոր զինվորի ու շտապօգնության մեքենայի վարորդի կյանքը հաջողվում է փրկել»:
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը խոսելով Սաշա Ռուստամյանի մասին՝ նշել է՝ Սաշան աչքի է ընկել ինչպես կրակային, այնպես էլ ֆիզիկական գերազանց պատրաստվածությամբ, մշտապես մասնակցել է սպորտային միջոցառումների:
«Նա պատրաստված սպա և երդմանը հավատարիմ բժիշկ էր»,– փաստել է ֆակուլտետի պետը:
«Զինվորական գաղափարներով, պետական մտածողությամբ առաջնորդվող ռազմական բժիշկը կերտել է արժեքներ, որոնք հայ ժողովրդին պետք է մղեն դեպի զարգացած, խաղաղ և հաղթանակած Հայաստան: Մասնագիտական պարտքը կատարելիս, օգնության շտապող բժիշկ-զինվորականը հայ ժողովրդի պատմության մեջ կմնա որպես անմահ հերոս»,– գրել է Արմեն Մուրադյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում