Հակառակորդի հրետակոծության հետևանքով Դավիթ Բեկ գյուղում վնասվել են գերեզմանոցի խաչքարերը (տեսանյութ)

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վնասվել են տներն ու գերեզմանոցի խաչքարերը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Զինուժ մեդիա»-ի պատրաստած ռեպորտաժից:
Թշնամու սանձազերծած գործողությունների հետևանքով բազմաթիվ տներ ավերվել են, կան ավերածություններ, 1 զոհ և 2 վիրավոր: Զոհված անձն այդ պահին եղել է մեքենայի ղեկին, վիրավորներն անհրաժեշտ բուժօգնություն են ստանում:
«Բոլորը նույն մեքենայի մեջ էին: Վիրավորներից մեկը կամավորական էր, խրամատից նոր էր վերադարձել, գնում էր հանգստանալու: Մեքենայում կար նաև մի կին, որը նույնպես վիրավորվել է»,- նշեց բնակիչներից մեկը:
Մեկ այլ ականատես էլ ընդգծեց, որ իրենց գյուղի բնակիչները դեռ 1992 թվականից սկսած այնքան փորձ ունեն, որ հիմա էլ նույն ոգով պահում են սահմանը: Հակառակորդը ռազմական սանձարձակ գործողությունների ժամանակ հրետակոծության տակ է պահել ոչ միայն խաղաղ բնակավայրը, այլև գյուղի գերեզմանոցը: Այնտեղ ավերվել են խաչքար-տապանաքարեր, ինչպես նաև այրվել է գերեզմանոցի մի զգալի հատվածը:
«Գյուղում մարդկանց տրամադրությունը մարտական է, վստահ ենք, որ հաղթելու ենք»,- ասաց Դավիթ Բեկի բնակիչներից մեկը:
Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ հակառակորդը նոյեմբերի 2-ին հրետանային միջոցներից ինտենսիվ կրակ էր վարել՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը և քաղաքացիական ենթակառուցվածքները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում