ՊՆ-ն առաջարկում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» վճարը բարձրացնել

ՊՆ-ն առաջարկում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» վճարը բարձրացնել

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amՊաշտպանության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է, այսպես կոչված, «1000 դրամների» մասին օրենքում փոփոխությունների առաջարկ, որով նախատեսվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից բարձրացնել ամսական 3000 դրամի։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ըստ Պաշտպանության նախարարության, պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության վրա կատարված հարձակման հանգամանքով, որի հետևանքով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն աճել է։

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողնների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ գործող օրենքով դրոշմանիշային վճարի չափը կազմում է ֆիզիկական անձանց համար՝ ամսական 1000 ՀՀ դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ տարեկան 12000 ՀՀ դրամ։ Առաջարկվող փոփոխությամբ ֆիզիկական անձնանց կողմից վճարվող 1000 դրամը կդառնա 3000 դրամ, իսկ նոտարների և ԱՁ–ների կողմից տարեկան վճարվող 12 հազար դրամը՝ 36 հազար դրամ։

Օրենքի փոփոխության ընդունման դեպքում նոր սահմանաչափերն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում