Երկրում պետք է օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, ԱԱԾ գնդապետ Միքայել Համբարձումյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին:
Միքայել Համբարձումյանը հայտնել է. «Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում: Մարդկանց այդ միջոցներով հնարավոր չէ լռեցնել, ընդհակառակը` դրանից քաղաքական պայքարն ավելի է սրվում, քաղաքական դաշտում անջրպետն ավելի է խորանում, և հանրության շրջանում անարդարության զգացումն ավելի է մեծացնում իշխանության նկատմամբ անվստահությունն ու բացասական վերաբերմունքը: Ձեր մերձավորների հետ խորհրդակցելուց հետո այն ժամանակ Դուք, այնուամենայնիվ, ընդունեցիք իմ ասածը և զերծ մնացիք այդ ուղղությամբ ակտիվ գործողություններ իրականացնելու հանձնարարականներ տալուց: Սակայն ներկայումս նույն գործելաոճն եք կիրառում տասնյակ գործիչների նկատմամբ: Ուստի ևս մեկ անգամ կրկնում եմ` ձերբակալություններով, խուզարկություններով և այլ ռեպրեսիվ միջոցներով Ձեզ ցանկալի, դրական արդյունքի հասնել չեք կարող, եթե հասնեք էլ` դա լինելու է խիստ ժամանակավոր: Երկրում պետք է օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ, և եթե Դուք վստահ եք, որ Ձեր գործողությունները ճիշտ են եղել, ժողովու՛րդը պետք է տա իր գնահատականը` ընտրության արդյունքներով: Երկրի ղեկավարը, ընդունելով, որ պարտություն է կրել, իրավունք չունի չգիտակցել և չընդունել իր մեղքի բաժինը և պետք է փորձի նոր ընտրություններով կրկին լեգիտիմացնել իր գործունեությունը, այլապես այս անվստահության գաղջ մթնոլորտը շարունակաբար տիրելու է մեր երկրում: Պարո՛ն վարչապետ, Դուք լավ գիտեք, որ պակաս հայրենասեր չեն Հայ հեղափոխական դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան, Հայրենիք և մյուս կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր ողջ պատերազմի ընթացքում իրենց հնարավորությունների սահմաններում փորձել են անել առավելագույնը` հանուն մեր հայրենիքի, ուստի անհրաժեշտ է զերծ մնալ նրանց անհիմն պիտակավորելուց»:
Բացի այդ, Միքայել Համբարձումյանը դիմել է նաև իրավապահներին, կոչ անելով իրենց խղճին հակառալ չգնալ.«Առանձնահատուկ դիմում եմ ԱԱԾ իմ գործընկերներին, որոնց հետ անցել եմ ծանր, պատասխանատու 22 տարվա ծառայության ճանապարհ, ինչպես նաև ոստիկանության և իրավապահ մյուս մարմինների ներկայացուցիչներին: Ճիշտ գնահատելով արդի իրավիճակը` դեմ մի՛ գնացեք ձեր խղճին, գործե՛ք հայրենիքի նվիրումով, ինքնուրույն, ձեր գործառույթների շրջանակներում և բացառապես օրենքով: Հիշե՛ք, որ մեր ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում ձեզնից յուրաքանչյուրի կայացրած որոշումը կարող է վճռական լինել իրավիճակի հանգուցալուծման համար: Ես վստահում եմ Ձեր փորձին ու ողջամտությանը:
Մեր առջև ծառացած բոլոր խնդիրները պետք է լուծել ՄԻԱԿՈՒՌ և ՄԻԱՍՆԱԿԱՆ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում