Ասում էր՝ հայ ժողովուրդ, խոնարհվում եմ ձեր առաջ, պարզվեց՝ պատրաստ է «չոքել» Ադրբեջանի ժողովրդի առաջ. Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ այնպիսի որոշում պետք է լինի, որը բավարարի և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի ժողովուրդներին. պարզվեց՝ այս որոշումը բավարարում է միայն Ադրբեջանի ժողովրդին, Պակիստանի ժողովրդին ու Թուրքիայի ժողովրդին: Այս մարդը դավաճան է, նա պետք է հեռանա: Այս մասին ընդդիմադիր քաղաքական ուժերի և քաղաքացիների՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազատության հրապարակում հավաքի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց մշակութային, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը:
Նա օրինակ ներկայացրեց՝ Հիտլերը կապիտուլյացիայի համաձայնելուց առաջ ինքնասպան եղավ, իր մերձավոր շրջապատը դրանից հետո դատվեց, Գերմանիան էլ կիսվեց երկու մասի: «Կապիտուլյացիայի ակտ ստորագրած ոչ մի ղեկավար հետո չի մնացել իր պաշտոնին: Մեր կապիտուլյացիայից հետո մի բան է տեղի ունեցել՝ երկիրն ուղղակի կիսվել է երկու մասի: Այն մարդը, որը մեր երկիրը հասցրել է կապիտուլյացիայի, հիմա ասում է՝ համախմբվեք իմ շուրջ: Այն մարդը, որը անդադար ասում էր՝ «սիրում եմ ձեզ, հայ ժողովուրդ, հպարտանում եմ ձեզանով, խոնարհվում եմ ձեր առաջ, պարզվեց՝ պատրաստ է «չոքել» նաև Ադրբեջանի ժողովրդի առաջ»,-ասաց Մխիթարյանը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մեկ օրվա ընթացքում կհեռանա, թե տասն օրվա ընթացքում, թե մեկ ամսվա, մեկ է, հեռանալու է: «Ինքն արդեն քաղաքական դիակ է: Ամբողջ խնդիրն այն է, որ հիմա եզակի շանս կա՝ 2-3 օրվա ընթացքում հեռանա, նոր բանակցող լինի, որովհետև ինքն ինչքան կարողացել, բանակցել է: Իրեն էլ ոչ ոք լուրջ չի ընդունելու: Վաղն այս վարչապետը որ գնաց այլ երկիր մեկի հետ բանակցելու, այդ պարտվածին ո՞վ է լուրջ ընդունելու, իր շուրջն ինչպե՞ս համախմբվել: Հիմա կա ռեալ հնարավորություն, որ Փաշինյանը գնա, նոր բանակցող գա ու նոր պայմաններ առաջարկի ու դավաճանական փաստաթուղթն ինչ-որ կերպ բարելավի»,- ասաց նա՝ նշելով, թե Փաշինյանը կառչած է աթոռից, ապա, դիմելով իշխանական պատգամավորներին, ասաց.
«Ձեզ նույնիսկ չեն հարցրել, «բանատեղ» չեն դրել, դուք ձեզ համարում եք արժանապատիվ մարդի՞կ»:
Մխիթարյանն ընդգծեց՝ պատերազմն սկսելուց հետո 2-3 օրը մեկ Փաշինյանին առաջարկել են պայմաններ՝ ամեն անգամ, ավելի վատ. «Ե՞րբ հասկացաք, որ պատերազմում եք ոչ միայն Ադրբեջանի հետ, պատերազմի վերջո՞ւմ: Մի շաբաթ հետո պարզ չէ՞ր, որ Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը Ադրբեջանի կողքին կանգնած են: Մի շաբաթ հետո ինչու՞ ժողովրդին չներկայացրիք ձեր ստացած առաջարկը: Փաշինյանն իրեն սպառել է որպես բանակցող. իր բանակցումը եղավ կապիտուլյացիան: Եթե 15 օր առաջ պատրաստ լիներ այլ փաստըաթուղթ ստորագրել, մենք նվազ կորուստներով դուրս կգայինք»,- ասաց նա:
Մխիթարյանը նաև նշեց՝ իշխանությունները, մասնավորապես, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսում է հեղաշրջումից, ապա շարունակեց. «Այս ժողովուրդը հեղաշրջու՞մ է անում: Հեղաշրջման մասնագետներն իրենք են»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում