Փաշինյանի կառավարությունը ընկնում է քաղաքական անդունդը, որտեղից կարող է երբեք դուրս չգալ. միջազգային մամուլ

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Eadaily լրատվականը ամփոփ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ միջազգային մամուլի ամենատարբեր արձագանքները:
Մասնավորապես BBC-ն, Ղարաբաղի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները բնորոշել է որպես «Ռուսաստանի և Թուրքիայի գործարք` Հայաստանի հաշվին»: Միևնույն ժամանակ, նույն աղբյուրը այդ փաստաթուղը բնորոշել է որպես «Ռուսաստանի աշխարհաքաղաքական պարտություն»:
Գերմանական Deutsche Welle պարբերականը նշել է, որ «Կրեմլը փորձում է Հարավային Կովկասում իր պարտությունը որպես հաղթանակ մատուցել»:
Կան նաև միջազգային այլ լրատվամիջոցներ, որոնց բնորոշումները տարբերվում են վերը նշվածներից:
Արաբական Aljazeera հրատարակությունը հռետորական հարց է տալիս. պատերազմն իսկապե՞ս ավարտված է: Ընդամենը 40 օրվա ընթացքում Ադրբեջանը ստացավ այն, ինչի համար պայքարել էր գրեթե 30 տարի՝ տարբեր դիվանագիտական համաժողովներում: Մինչ Ադրբեջանի ամբողջ հանրությունը էյֆորիայի մեջ նշում է «կապիտուլյացիան», երկու տասնյակ ռուսական ինքնաթիռներ խաղաղապահներ են մտցնում տարածաշրջան, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ընկնում է քաղաքական անդունդը, որտեղից կարող է երբեք դուրս չգալ:
Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականում հրապարակված հոդվածում վերլուծաբան Ռեյնհարդ Ֆեզերը կարծիք է հայտնում, որ ավարտված այս պատերազմում միակ հաղթողը Պուտինն է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ շատ ավելի հեռու են վերջնական խաղաղությունից, քան սեպտեմբերին էին:
Ամերիկյան New York Times-ը Ռուսաստանի հատուկ հաջողություններ չի տեսնում: Ըստ պարբերականի, պատերազմում տեղի ունեցավ տարածաշրջանային ուժերի վերադասավորում: Ռուսաստանն ու Թուրքիան ազդեցիկ միջնորդ դարձան, իսկ Անկարան սատարեց հաղթանակած ադրբեջանցիներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում