Մոնտեվիդեոյում պատրաստվում են Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնադրմանը

Ուրուգվայի նախագահական պալատում հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում’ Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան հիմնելու մասին պաշտոնական հայտարարության առիթով: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիսության սկզբում ընթերցվել է Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի ուղեր ձը, որով նա ողջունում էր այս կարևոր նախաձեռնությունը և նշում, որ թանգարանի հիմնումը կօգնի վառ պահել հիշողությունը մի ցեղասպանության մասին, որը ցնցել է համայն մարդկությունը։ Ելույթներով հանդես են եկել Ուրուգվայի մշակույթի և կրթության նախարարը, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը և դեսպան Մելիքյանը։

Հայաստանի կառավարության անունից խորին երախտագիտություն հայտնելով Ուրուգվայի իշխանություններին և նախաձեռնության հեղինակներին’ դեսպանը նշել է, որ սա ևս մեկ կարևոր և պատմական քայլ է արդարության վերականգնման ճանապարհին և հերթական հիմնավոր պատասխանը ժխտողականությանն ու այլատյացությանը։

Թանգարանի կառուցումը սկսելու նպատակով առաջիկայում կձևավորվի պետական հանձնաժողով։

Միջոցառմանը ներկա էին Ուրուգվայի մշակույթի և կրթության նախարարը, Արգենտինայում և Ուրուգվայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, կառավարության, օրենսդիր մարմնի երկու պալատների, հասարակական կազմակերպությունների, ուրուգվայահայ համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում