Ոստիկանությունը հանդես է եկել ակտիվիստների կողմից կազմակերպվող հավաքների վերաբերյալ պարզաբանմամբ
Նմանատիպ
ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներում քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների կողմից կազմակերպվող հավաքների վերաբերյալ պարզաբանմամբ: ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ’ Օրենք) 24-րդ հոդվածի’ առանց իրազեկման կարող են անցկացվել մինչև 100 մասնակից ունեցող հավաքները, իսկ ըստ 26-րդ հոդվածի 1-ին մասի’ ինքնաբուխ է որոշակի իրադարձությանը անմիջապես արձագանքելու նպատակով անցկացվող հավաքը: Ընդ որում, ինքնաբուխ հավաքի անցկացումը չի կարող տևել 6 ժամից ավելի:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակտիվիստների կողմից կազմակերպվող հավաքները շարունակվում են արդեն մի քանի օր, և հավաքի մասնակիցների թիվը հասնում է մի քանի հարյուրի, ՀՀ ոստիկանությունը իրազեկում է, որ նշված հավաքները չեն կարող դիտվել որպես ինքնաբուխ, դրանց վրա չեն կարող տարածվել Օրենքի 3-րդ գլխով սահմանված’ առանց իրազեկման անցկացվող հավաքներին վերաբերվող կանոնները, հետևաբար’ նշված հավաքները պետք է անցկացվեն Օրենքով սահմանված իրազեկման կարգի պահպանմամբ:
Միաժամանակ, անցկացվող հավաքների որոշ մասնակիցներ, դրսևորելով առավել հանդուգն վարքագիծ, իրենց գործողություններով շարունակում են կոպտորեն խախտել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, փողոցի բանուկ հատվածում սահմանափակում են հանրային տրանսպորտի տեղաշարժը’ իրական վտանգի տակ դնելով և΄ իրենց, և΄ ուղևորների կյանքն ու առողջությունը:
Նկատի ունենալով վերոգրյալը, ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներին կրկին հորդորում է զերծ մնալ Օրենքի պահանջները խախտելուց, այլ անձանց սահմանադրական իրավունքները անհամաչափ կերպով սահմանափակելուց և չխոչընդոտել ոստիկանության ծառայողների կողմից անձանց իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների իրականացմանը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում