Մարուքյան․ Փաշինյանին ճանաչելով՝ գիտեմ, որ ոչ մի պրոցեսով ինքը չի հեռանալու

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Pan.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե շատ սոցիոլոգներ ասում են` վարչապետ Նիկոլ Փաշինյանը փողոցային պայքարով եկել է, փողոցով էլ հեռանալու է, ասել է, որ ինքն այդպիսի ինֆորմացիա չունի։
«Ես, իրեն ճանաչելով, գիտեմ, որ ոչ մի պրոցեսով ինքը չի հեռանալու»,- ասել է ԼՀԿ ղեկավարը։
Հարցին, թե այդ դեպքում իրենք ինչո՞ւ են պայքարում, Մարուքյանն արձագանքել է. «Որ հեռանա», գրում է Panorama.am-ը։
Պատգամավորն առաջարկել է հետ գնալ մի քանի տարի առաջ եղած քաղաքական գործընթացներին և ասել՝ ինչ-որ մեկը կանխատեսո՞ւմ էր, որ հնարավոր է ՀՀ-ում հեղափոխություն լինի։
«Քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Այո, Նիկոլ Փաշինյանը չի ուզում որևէ պարագայում հեռանալ, բայց կկարողանա՞ այդպես պահել իշխանությունը, կարծում եմ՝ ոչ»,- նկատել է նա։
Ըստ Մարուքյանի, այսպես թե այնպես, խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինելու են։
«Քաղաքական ճգնաժամը չի հաղթահարվելու և իշխանությունը գնալու է ընտրությունների։ Մենք շարունակում ենք մեր քաղաքական օրակարգը կետ առ կետ առաջ մղել։ Մենք չենք սպասում, որ արտահերթ ընտրություններ լինեն, նոր զբաղվենք գերիների հարցով, մենք հիմա էլ զբաղվում ենք գերիների հարցով։ Մենք հիմա էլ զբաղվում ենք բանակաշինության հարցով, հիմա էլ օրենսդրական նախաձեռնություն ենք բերում, որով առաջարկում ենք հանել այն սահմանափակումը, որով նախատեսվում է պայմանագրային զինծառայողներին թույլ տալ աշխատել՝ մինչև 45 տարեկանը։ Մենք ունեք հազարավոր ուժեղ տղերք, որոնց 45-ը լրացել է, և նրանք չեն կարողանում ներգրավվել ծառայությունում»,- ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում